Հարութ Սասունյանը՝ The California Courier-ի հրատարակիչն ու Lincy հիմնադրամի փոխնախագահը, վերջերս կարճատև այցով Հայաստանում էր: Forbes Հայաստանը հանդիպեց նրա հետ և զրույցի ընթացքում փորձեց բացահայտել Քըրք Քըրքորյան անհատին մտերիմ մարդու աչքերով:
Խոսենք Քըրքորյան անհատի մասին: Կարծում եմ՝ մեր ընթերցողներին հետաքրքիր կլինի ճանաչել Քըրքորյան մարդուն, քանզի Քըրքորյան գործարարին ողջ աշխարհում շատ լավ են ճանաչում:
Պարոն Քըրքորյանը, ում հետ անձնապես շփվել եմ մոտ 30 տարի, ծայրաստիճան համեստ, ծայրաստիճան ամաչկոտ ու գրեթե լռակյաց մարդ է: Սովորաբար նա քիչ բան կարող է ասել, սակայն նրա քչախոսությանը պետք չէ խաբվել. նա փայլուն միտք և գործարար ձիրք ունի: Նա շատ արագ է կողմնորոշվում և որոշում կայացնում: Եթե երկու րոպե խոսես նրա հետ, քեզ կարող է թվալ՝ երկար հանդիպում ես ունեցել:
Պարոն Քըրքորյանը նաև ծայրաստիճան քաղաքավարի է. անծանոթ մարդկանց մտքով երբեք չի անցնում, որ մեծահարուստի հետ գործ ունեն: Ինքն է վարում իր ավտոմեքենան (ի դեպ, սովորական ավտոմեքենա է՝ Grand Cherokee) ու մինչև այսօր՝ առանց վարորդի: Եթե կինո է գնում, կանգնում է հերթ բոլորի նման, չնայած որ տանը կինոթատրոն ունի: Նա ապրում է պարզ մարդու նման և նույնիսկ նեղանում է, երբ իր առաջ դուռ են բացում:
Մի դեպք պատմեմ։ Երեկոյան ժամը հինգին զանգահարեց ինձ և ասաց. «Կներես, որ ուշ եմ զանգահարել, եթե զբաղված ես ու չես կարող հիմա խոսել, կարող եմ վաղը զանգահարել»: Ասացի. «Պարո՛ն Քըրքորյան, ժամը հինգն է, ես աշխատում եմ: Աշխատանքային ժամ է, և ես տակավին դեռ երկար ժամեր պիտի աշխատեմ»: Ասաց. «Բայց լավ չէ, որ երկար ժամեր ես աշխատում: Նայե, եթե օգնականի պետք ունես, ինձ ասա, ես կվարձեմ, որպեսզի դուն երկար ժամեր չաշխատիս»: Ահավասիկ մի մարդ, ով կարող է իրեն թույլ տալ ուրիշների մասին այդքան չմտածել, հոգում է ուրիշների մասին, չի ուզում անհանգստացնել ժամը հինգին, չի ուզում, որ երկար ժամեր աշխատեն:
Հիշում եմ, մի անգամ զանգահարեց ինձ. «Նախագահ Քոչարյանը գալիս է Վաշինգտոն. հանդիպումներ ունի։ Ուզում է Լոս Անջելես գալ՝ ինձ հանդիպելու, ծրագրերը քննարկելու: Պետք չէ հոգնեցնեք նրան՝ համաձայնելով, որ Լոս Անջելես գա։ Ես ուզում եմ Վաշինգտոն գնալ՝ նրան հանդիպելու»։ Հետո էլի իր ձևով ասաց. «Եթե ժամանակ ունես, կուզեի, որ ինձ հետ գայիր»: Հաջորդ օրն ինքնաթիռ նստեցինք և մեկնեցինք Վաշինգտոն:
Դուք պարոն Քըրքորյանի հետ այցելել եք Հայաստան…
Պարոն Քըրքորյանը երկու անգամ է եղել Հայաստանում: Ինչպես ինքն է ասում՝ նախօրոք ոչինչ չի ծրագրում և որոշումները կայացնում է պահի թելադրանքով: Երկու անգամն էլ անակնկալ կերպով այցելեց: Նրա առաջին հայաստանյան այցի ժամանակ ես այստեղ էի իմ գործերով: Երբ արդեն մեկնում էի, տեղեկացա, որ պարոն Քըրքորյանը ճամփա է ընկել և արդեն դուրս է եկել Լոս Անջելեսից ու Նյու Յորք է ճանապարհվել: Ասացին, թե առաջին անգամ է գալիս Հայաստան, դու ո՞ւր ես գնում, քո շեֆը գալիս է Հայաստան: Պատասխանեցի, որ պարոն Քըրքորյանն ինձ չի զանգահարել: Քըրք Քըրքորյանն ընդհանրապես շատ ինքնուրույն մարդ է ու սովորաբար որևէ մեկի կարիքը չունի որոշումների կայացման հարցում: Նա չի ուզում, որ որևէ մեկն իր փոխարեն ինչ-որ բան անի. հակառակը՝ ուզում է ամեն բան ինքն անել:
Ինչևէ, օդանավ նստեցի, հասա Լոնդոն: Երբ զանգահարեցի տուն՝ ասելու, որ հաջորդ թռիչքով եմ գալիս, կինս ասաց՝ պարոն Յեմենիջյանը քեզ է փնտրում: Զանգահարեցի պարոն Յեմենիջյանին, և նա ասաց, որ պարոն Քըրքորյանն արդեն Նյու Յորքում է, ուզում է ինձ հետ խոսել: Խոսեցինք երեքով՝ Քըրք Քըրքորյանը՝ Նյու Յորքում, Յեմենիջյանը՝ Լոս Անջելեսում և ես՝ Լոնդոնում: Շատ լավ եմ հիշում այդ խոսակցությունը։ Ասաց. «Ես վաղն առավոտյան ժամը հինգին «Շանոն» օդանավակայան կհասնեմ (Իռլանդիա - խմբ.). Հայաստան եմ գնում: Եթե ժամանակ ունես, արա այն, ինչ պիտի անես, որ այնտեղ լինես. միասին Հայաստան թռչենք (Do whatever you have to do to be there)»: Այդ րոպեին չհասկացա, թե ինչու է ասում «do whatever». իր բոլոր ասածների մեջ միշտ խոր իմաստ կա, որ հետո ես հասկանում:
Գրեթե կեսգիշեր էր Լոնդոնում: Առանց իրավիճակը խոր վերլուծելու՝ զանգահարեցի հյուրանոցի ադմինիստրացիա և ասացի, որ ուզում եմ առավոտյան հինգին հասնել «Շանոն», խնդրեցի մոտակա թռիչքի տոմս պատվիրել: Ասացին, որ Heathrow-ի օդանավակայանն արդեն փակ է, իսկ հաջորդ թռիչքը միայն կեսօրին է: Հարցրի՝ արդյոք կարող եմ տաքսի պատվիրել, ասացին՝ ծով է: Հարցրի՝ միգուցե նավով գնամ, պատասխանն էր՝ ութ ժամ կտևի։ Հարցրի՝ միգուցե ուրիշ երկրով թռչեմ, ասացին՝ կուշանաք... Այդ ժամանակ Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպանն Արմեն Սարգսյանն էր: Նրա միջոցով շաբաթ կեսգիշերին զանգահարեցի Վաչե Մանուկյանին, ով կարողացավ ինձ համար մասնավոր ավիաընկերություն գտնել:
Պարզվեց՝ բոլոր օդանավերը վարձված էին Ֆրանսիայում ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղերի պատճառով, միայն Մանչեստրում էր մի շատ փոքր օդանավ մնացել (Piper Aztec), որը շատ դանդաղ դուրս եկավ Մանչեստրից և հասավ Heathrow:
Այսպիսով՝ առավոտյան ժամը 2-3-ին օդանավ բարձրացա ու, երբ օդում էինք, այնպիսի տպավորություն ունեի, ասես հեծանիվ ենք նստել: Oդաչուները երկուսն էլ երիտասարդ էին։ Մեկն արդեն քնել էր, մյուսի հետ անընդհատ խոսում էի՝ վախենալով, որ նա էլ կքնի. անդադար հորանջում էր: Ինչևէ, երբ հասնում էինք, պարզվեց, որ արդեն 5-ն անց է 10 րոպե: Խնդրեցի կապվել օդանավակայանի հետ, պարզել՝ արդյոք Նյու Յորքից ժամանող օդանավն իջել է: Նշեմ, որ նրա օդանավի գույնը կանաչ է՝ դոլարի գույն: Հայտնեցին, որ փոթորկի պատճառով նրա ինքնաթիռը մի փոքր ուշանում է: Կյանքումս առաջին անգամ ուրախացա փոթորկի համար, անգամ բարձրաձայն ասացի՝ շատ լավ է:
Երբ մտա օդակայանի շենք, ինձ հետ կապնվեց Քըրքորյանի օդաչուն՝ տեղեկացնելով, որ իջնում են, նույնիսկ պաղպաղակ խնդրեց և ասաց, որ մի քանիսն էլ վերցնեմ ճանապարհի համար: Խնդրել էր, որ իջնեն, լիցքավորեն օդանավը, ինձ վերցնեն ու շարունակեն թռիչքը: Ես վերջապես բարձրացա օդանավ՝ հետևում թողնելով անհավատալի խոչընդոտները (որոնց մասին նա կարծես թե լավ գիտեր, քանի որ ասել էր՝ արա այն, ինչ պիտի անես): Նա ինձ միայն բարև տվեց, կարծես թե մի սովորական աշխատանքային օր գրասենյակի դռնից էի ներս մտել: Օդանավում նա էր և ես, ուրիշ մարդ չկար, և իհարկե՝ նրա օգնականն ու օդաչուները: Հաճելի թռիչք էր:
Նա անընդհատ պատուհանից էր նայում: Մի քանի ժամ անց օդանավն անցնում էր Թուրքիայի տարածքով, և քարտեզին նշվում էր, թե որտեղ ենք: Նա մտքերի մեջ էր, ոչինչ չէր ասում (առաջին անգամ էր հայրենիք գնում). եթե ինչ-որ բան ուզեր ասել, կասեր, հարց ունենար, կհարցներ: Ես էլ չէի խանգարում նրան. թողել էի իր մտքերի հետ: Բայց նա անսպասելիորեն շրջվեց դեպի ինձ՝ ասելով. «Հարո՛ւթ, ես տեսնում եմ պատուհանից… այս հողերը հայկական հողեր են»: Ինձ շատ զարմացրեց նրա ասածը, որովհետև նա քաղաքականությամբ կտրականապես չի հետաքրքրվում. նա ձեռներեց է: Ասացի. «Այո՛, իրավունք ունես, մեր հողերն են»: Նա շարունակեց. «Բա ինչո՞ւ չենք ազատագրում այս հողերը»: Ասացի, որ խնդիրն այն է, որ Թուրքիան հիմա հզոր պետություն է, իսկ Հայաստանը փոքր է և ավելի տկար: Պարզ է, որ կամավոր չեն տա մեզ հողը. պետք է պայքարենք, որ առնենք ու բավականաչափ բանակ չունենք, որ պայքարենք, հողերն ազատագրենք, ինչպես ազատագրեցինք Արցախը:
Երբ ժամանեցինք, մեզ համար մի ճաշկերույթ էին պատրաստել։ Անշուշտ այնտեղ էր երկրի նախագահ Ռոբերտ Քոչարյանը, պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը (1998-ին էր): Նույն հարցը՝ հողերն ազատագրելու մասին, արծարծվեց նաև այնտեղ. ես թարգմանում էի:
Մի հանգամանք ևս ուզում եմ նշել. Երևանում եմ առաջին անգամ նրա աչքերում արցունք նկատել: Դա բացառիկ բան է. Քըրքորյանը շատ ուժեղ մարդ է, և մի բան, որ հաստատ չես տեսնի նրա աչքերում, դա արցունքն է: Եվ զարմանալիորեն, երբ մամուլի ներկայացուցիչները մոտեցան օդանավակայանում, սկսեց հայերեն խոսել. տեսանյութեր կան, որտեղ հայերեն է պատասխանում: Անշուշտ, պարզ պատասխաններ՝ լավ եմ, շատ լավ եմ, ուրախ եմ Հայաստանում: Ես ապշած էի. պարոն Քըրքորյանը չի սիրում հարցազրույց տալ: Լրագրողները հարցնում էին, ինքը պատասխանում էր... քանի որ հայրենիքում էր, զգացմունքային էր, չէր ցանկանում իր կարծր դիրքորոշումը մամուլի հանդեպ պահել: Եվ անընդհատ նկարում էին, անընդհատ նկարում... Ինքը չի սիրում, երբ իրեն նկարում են. Ամերիկայում լիներ, պիտի շատ անհանգստանար, բայց այստեղ չէր վրդովվում:
Ո՞րն էր պարոն Քըրքորյանի տեսլականը Lincy-ի համար:
Լավ հարց է: Պարոն Քըրքորյանին միշտ և բոլոր տարիներին մեծապես մտահոգել է Հայաստանից արտագաղթը, և նա միշտ ցանկացել է, որ ժողովուրդը լավ պայմաններում ապրի և, որ ամենակարևորն է, աշխատանք ունենա (նա մտածում է, որ եթե մարդիկ աշխատանք ունենան ու իրենց ապրուստը հոգան, պատճառ չեն ունենա հայրենիքը լքելու): Հենց այդ էր պատճառը, որ երբ Lincy հիմնադրամի աշխատանքները սկսեցինք, գաղափարն այն չէր, որ փողոցներն ասֆալտապատվեն կամ թանգարանները վերանորոգվեն. նրա նպատակը հայ մարդուն միջոցներ տրամադրելն էր, որ նա գործ անի և աշխատատեղեր ստեղծի, ի վերջո իր ապրուստը հոգա: Հայաստանի կառավարությունն առաջարկեց իրականացնել այդ ծրագիրը բանկային համակարգի միջոցով (արդեն նման փորձ կար այլ դոնորների հետ - խմբ.): Նա ցանկանում էր, որ իր կողմից գումարը 0%-ով տրամադրվեր, և բանկերը 0%-ով էլ տային ժողովրդին (հայկական կողմը բացատրեց, որ դա կխանգարի բանկային համակարգի աշխատանքին, և որ բանկերը չեն կարող 0%-ով գումար տալ):
Նա մտահոգված էր, որ չի կարող 0%-ով հասցնել գումարը հայ մարդուն, բայց ընդունեց այդ փաստը և պարտադրեց, որ այդ գումարը բաշխվի հնարավորինս ցածր տոկոսով: 100 մլն ԱՄՆ դոլար տրամադրվեց այդ ծրագրին, և արդյունքում բազմաթիվ աշխատատեղեր ստեղծվեցին: Ցավոք, այդ պահին Հայաստանի բանկային համակարգը չկարողացավ արագ տեղաբաշխել ամբողջ գումարը: Միայն 20 միլիոնը տեղաբաշխվեց: Դրական և անուղղակի արդյունքներից էր նաև այն, որ ծրագիրը ազդեց Հայաստանի բանկային համակարգում ընդհանուր տոկոսադրույքի մակարդակի վրա՝ բավականին իջեցնելով այն:
Ինձ հաճախ են հարցնում՝ ինչո՞ւ է Lincy հիմնադրամը փակվել, կամ ինչո՞ւ է պարոն Քըրքորյանը վիրավորվել: Քանի որ ես Lincy հիմնադրամի փոխնախագահն էի և բազմաթիվ անգամ քննարկել եմ Lincy հետ կապված հարցերն անձամբ նրա հետ, ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ մարդիկ, ովքեր պնդում են, թե Lincy հիմնադրամը փակվել է Քըրք Քըրքորյանի «նեղանալու» պատճառով, երբեք չեն հանդիպել Քըրք Քըրքորյանին և անհիմն ենթադրություններ են անում, կարելի է ասել՝ չարախոսում են: Քըրք Քըրքորյանը մեծ գոհունակություն է հայտնել և հպարտ է Հայաստանում Lincy հիմնադրամի կատարած աշխատանքներով: Վերջին անգամ, երբ նա Հայաստան այցելեց, ինձ ասաց. «Դուն այս ծրագիրներով հաջողել ես Երևանը եվրոպական մայրաքաղաքի մակարդակի հասցնել»: Իհարկե, նրա ասածը չափազանցություն էր, այնուամենայնիվ, խոսում է այն մասին, որ նա գոհ է ու հպարտ Հայաստանում Lincy կատարած աշխատանքով: Եվ, բնականաբար, ոչ մի խոսք չի կարող լինել նրա վիրավորված լինելու կամ որևէ կերպ ծրագրից, կատարված աշխատանքներից և արդյունքներից գոհ չլինելու մասին: Կարևորն այն է, որ ինքը՝ բարերարը, գոհ է. տրված գումարները ո՛չ գողացվել են, ո՛չ փոշիացվել, ինչպես նաև չի եղել ո՛չ Հայաստանի և ո՛չ էլ Ամերիկայի կողմից քաղաքական կամ այլ բնույթի ճնշում, ինչը պատճառ կարող էր հանդիսանալ նրա ենթադրյալ սրտնեղության:
Քըրք Քըրքորյանն իր ողջ կյանքում աշխատել է, ստեղծել և միշտ բաժանել իր հարստությունը ոչ միայն հայերին կամ Հայաստանին, այլ նաև՝ այլազգիներին: Lincy-ն միայն հայերի կամ Հայաստանի համար չէր ստեղծված, և եթե նա որևէ կերպ նեղացած լիներ Հայաստանից ու հայերից, այլևս փող չէր տա հայերին, կշարունակեր օտարներին օգնել:
Ներկայումս պարոն Քըրքորյանը 96 տարեկան է (2013թ.): Նա դեռ տարիներ առաջ էր որոշել, որ, անկախ Հայաստանում Lincy-ի գործունեությունից, որոշակի տարիքում պիտի ավարտի իր ակտիվ գործունեությունը Lincy-ի շրջանակներում և իր կուտակած հարստությունը (ըստ Forbes-ի՝ 3,3 մլրդ դոլար - խմբ.) պիտի այլևս տնօրինվի կտակի համաձայն: Նա կյանքի նոր փուլ է սկսում: Աստված նրան առողջություն տա, և թող նա երկար տարիների բեղմնավոր կյանք ունենա:
