ԳԱԼՈՒՍՏ ԳՅՈՒԼԲԵՆԿՅԱՆ. «Սև ոսկու» աշխարհի հայ տիրակալը

Համաշխարհային բիզնես պատմության մեջ հազվադեպ են պատահում 
այնպիսի անհատներ, ովքեր, լինելով հարուստ ընտանիքի զավակ, սեփական ուժերով նշանակալից նվաճումներ են գրանցում: Գալուստ Գյուլբենկյանը`  քսաներորդ դարի առաջին հայ գործարարը, եզակի արվեստասերը, հմուտ 
դիվանագետը և Մերձավոր Արևելքի նավթարդյունաբերության 
առաջամարտիկը, միլիարդատերն ու բարերարը հենց այդպիսին էր:  Նրա առասպելական  հարստությունների մասին  շատերը  գիտեն,  սակայն  քչերին է հայտնի Գյուլբենկյանի ճանապարհը, ինչպես նաև այն, թե ինչպիսի  արգելքներ է հաղթահարել նա՝ նավթային գերհսկայի բարձրագույն կոչմանը արժանանալու համար: 

Forbes Հայաստանը ներկայացնում է Գալուստ Գյուլբենկյանի հաջողության 
ճանապարհը` կյանքի և գործունեության ժամանակագրության տեսքով: 

1869թ. մարտի 23-ին (նշվում են նաև մարտի 1, և մարտի 29) Ռշտունիների նախարարական տոհմի շառավիղներից մեկի` հաջողակ և ունևոր գորգավաճառ Սարգիս և Տիրուհի Գյուլբենկյանների ընտանիքում Կ.Պոլսի Սկյութար 
թաղամասում ծնվում է Գալուստ Գյուլբենկյանը:

1876թ.  գերազանց սռաջադիմության համար Կ.Պոլսի Արամյան-Ունճյան դպրոցում 7 ամյա Գալուստը պարգևատրվում է թուրքական արծաթադրամով,և այն շուկայում փոխանակում է մի հին մետաղադրամով,  որը նրա կյանքի առաջին ֆինանսական գործարքն էր, ինչպես նաև ապագա 
հավաքածուների «առաջնեկը» (Իսկ ապագայում արդեն նա ձեռք էր բերելու Ջոն Մորգանի` հունական հին մետաղադրամների հայտնի հավաքածուն): 

1887թ. Գյուլբենկյանը մեկնում է Ֆրանսիայի Մարսել քաղաք, ուսանում է 
ֆրանսիական Սեն-Ժոզեֆի Սուրբ Հովսեփ վարժարանում` հմտանալով ֆրանսերենում, որից հետո ընդունվում է Լոնդոնոնի Քինգս քոլեջ` նավթային ճարտարագիտություն և կիրառական գիտություն ուսանելու: Այնուհետև նա գերազանցությամբ ավարտում է Օքսֆորդի համալսարանը` ստանալով 
ինժեներ-նավթագործի որակավորում և արժանանալով First պատվո նշանի:  Այդ ընթացքում Գյուլբենկյանը հասցնում է սովորել և տիրապետել 8 լեզուների: 

1890թ. 21 ամյա Գյուլբենկյանն արդեն  նավթային ոլորտի համաշխարհային ճանաչում վաստակած փորձագետ էր։ Իսկ կարճ ժամանակ անց նա Թուրքական ազգային բանկի 30%-ի բաժնետերն էր և 15%-ի բաժնեմաս  ուներ նաև Թուրքական նավթային ընկերությունում:

1891թ. Գալուստը մեկնում է Բաքու` ուսումնասիրելու տեղի նավթի հանքեր: Այստեղ նրան նավթարդյունաբերության և նավթային բիզնեսի վերաբերյալ  արժեքավոր տեղեկություններ է տրամադրում հայազգի մեկ այլ հայտնի 
գործարար` Ալեքսանդր Մանթաշյանցը: Մեկ տարվա ընթացքում Գյուլբենկյանը Մանթաշյանցի օգնությամբ լիովին տիրապետում է նավթային բիզնեսի 
հմտություններին և գաղտնիքներին, որի արդյունքում նա ֆրանսերեն լեզվով հրատարակում է Միջին Արևելքի նավթային պաշարների շահագործման և 
մշակման  վերաբերյալ մի կարևոր աշխատություն` «La Transcaucasie et la Peninsule d՚Apcheron-Souvenirs de Voyage» վերնագրով: 

1892թ. Գյուլբենկյանն իր առաջին քայլերն է ձեռնարկում թուրքական նավթի բաշխման բիզնեսում, սակայն հայերի զանգվածային ջարդերի և այդ երկրի  քաղաքական անկայության պատճառով` Գյուլբենկյանների ընտանիքը 
տեղափոխվում է Լոնդոն: Նույն տարում Գալուստն ամուսնանում է 
հայկական ազնվական ընտանիքից սերված` Նվարդ Եսայանի հետ: 

1896 թ. ծնվում է Գալուստ Գյուլբենկյանի և Նվարդ Եսայանի առաջնեկը` 
Նուբար-Սարգիսը, իսկ 1900թ.` երկրորդ զավակը` Ռիտա-Սիրվարդը: 

1898թ. Օսմանյան կայսրության և Պարսկաստանի կողմից Գյուլբենկյանը 
նշանակվում է նավթային ոլորտի տնտեսական խորհրդական Փարիզի և 
Լոնդոնի դեսպանատներում: 

1902թ. Գյուլբենկյանը ստանում է Անգլիայի քաղաքացիություն, որը թույլ է 
տալիս նրան արտոնագիր ձեռք բերել և հիմնել սեփական նավթային 
գրասենյակը Լոնդոնում: Ավելին`գործադրելով ճկուն դիվանագիտություն և 
օգտագործելով հոր տրամադրած 30000 ֆունտ դրամագլուխը` 
Գյուլբենկյանը միանում է մի քանի մեծահարուստ նավթարդյունաբերողների
և հորդորում նրանց ներդրումներ կատարել` Միջագետքի նավթային հանքերիշահագործման ոլորտում: 

1910թ. Երիտթուրքերի հեղափոխությունը (1908-1909թթ.) չի սասանում
Գյուլբենկյանի ոչ քաղաքական և ոչ էլ տնտեսական դիրքերը, որին մեծապես նպաստում է նրա` Եվրոպայում ձեռք բերած ամուր հենքը: Գյուլբենկյանը ոչ 
միայն պահպանում է Լոնդոնի և Փարիզի Օսմանյան դեսպանատների 
տնտեսական խորհրդատուի լիազորությունները, այլ նաև նշանակվում 
Թուրքիայում ստեղծված Ազգային դրամատան խորհրդատու:

1912թ. Գյուլբենկյանի ջանքերով` արդեն ստեղծվում է Թուրքական նավթային ընկերությունը (Turkish Petrolium Company-T.P.C.), որի 35% բաժնեմասը պատկանում էր Թուրքիայի Ազգային բանկին, 25%-ը` անգլո-հոլանդական Royal Dutch Shell կոնցեռնին, 25%-ը` գերմանական Deutsche Bank-ին, իսկ 15%-ը` իրեն: Սակայն այս իրողության հետ չի համակերպվում Մեծ
Բրիտանիան, որն էլ Թուրքիայի նավթային ընկերությանը ստիպում է 
վերաբաշխել մասնաբաժինները: Արդյունքում T.P.C. ընկերությունը ստիպված է լինում մրցակցության մեջ մտնել Anglo-Persian Oil Company-ի հետ, իսկ վերջինիս սատարում է անգլիական Foreign Office-ը: 
Այն նաև պահանջում է Թուրքիայի Ազգային դրամատան բաժնեթղթերի մեծ մասը փախանցել իրենց: Ճնշման արդյունքում Թուրքիայի Ազգային բանկի 
մասնաբաժիններն անցնում են «Անգլո-պարսկական» նավթային
ընկերությանը: Այժմ` արդեն վերջինիս սկսում է տնօրինել Թուրքական նավթային ընկերության բաժնետոմսերի 50%-ը, իսկ գերմանական Deutsche Bank-ը և Royal Dutch Shell-ը պահպանում էին իրենց 25-ական տոկոսները: Հաստատված նոր
պայմանագրի համաձայն Անգլո-պարսկական խումբը և Royal Dutch Shell-ը յուրաքանչյուրը Գյուլբենկյանին են վճարում ակտիվների ընդհանուր արժեքից 2,5% (որպես «շահառուի տոկոս»), ինչն էլ ամրագրվում է հավիտյանս,
իսկ Գյուլբենկյանը ստանում է իր հայտնի` «Պարոն 5%» կոչումը:

1913-1914թթ. ընթացքում նավթային ընկերությունների միջև տեղի ունեցած բանակցությունների արդյունքում T.P.C.-ն վերակազմավորվում և շահույթները վերաբաշխվում են Anglo-Pershian Oil Company-ի, Royal Dutch-Shell Group-ի և գերմանացիների միջև, իսկ Գյուլբենկյանի
փայաբաժինը 15%-ից նվազում է` հասնելով մինչև 5%-ի: Այդ ժամանակաշրջանում Գյուլբենկյանը որոշում է ստեղծել Comite General du Petrol նավթային նոր ընկերությունը, որի նպատակն էր` ձեռք բերել Deutsche Bank-ի արժեթղթերը: Հայտնի Սան-Ռեմոյի  խորհրդակցության  ժամանակ նավթային ընկերությունների միջև տարաձայնություններ են 
ծագում նավթային տարածքների շահագործման վերաբերյալ: Գյուլբենկյանը վերցնում է կարմիր մատիտը և հանդարտորեն գծում յուրաքանչյուր 
պետության նավթային տիրույթը, ինչի արդյունքում էլ Սան-Ռեմոյի  պայմանագիրը  կոչվում է «Կարմիր գծի» պայմանագիր (Red Line Agreement): 

1915թ․ ավարտվում է առաջին համաշխարհային պատերազմը, փլուզվում է Օսմանյան հսկայական կայսրությունը, արևմտահայությունը թուրքերի կողմից ենթարկվում է նոր ցեղասպանության, իսկ Եվրոպայում արդեն սկսվում է բանակցություններ` հաղթած և պարտված երկրների միջև: Գյուլբենկյանը ստիպված էր կրկին բանակցություններ սկսել հին և ասպարեզում հայտնված նոր գործընկերների հետ: Պատերազմում հաղթանակած Ֆրանսիան Միջին Արևելքի նավթի պահեստներին տեր դառնալու հավակնորդերի թվում էր, իսկ Գերմանիան, որպես պարտված կողմ, խաղից դուրս էր մնացել: ԱՄՆ-ը նույնպես  չէր ցանկանում հրաժարվել Միջագետքի և հատկապես` Հյուսիսային Իրաքի 
նավթի հանքերի հարստություններից: Այս իրադրությունում` Գյուլբենկյանի 
շնորհիվ, Թուրքական նավթային ընկերության կազմավորումից 14 տարի անց, նոր համաձայնագիր է կազմվում  նորաստեղծ Իրաքյան  նավթային ընկերության Irak Petroleum շրջանակներում,  որի  բաժնեթղթերը բաշխվում են նախկին անգլիական և Անգլո-պարսկական, ֆրանսիական ու ամերիկյան ընկերությունների միջև, որոնք էլ դառնում են նավթի ապագա հսկաները: Հավատարիմ մնալով իր սկզբունքներին` Գյուլբենկյանն իր մասնաբաժինը պահում է 5%-ի սահմաններում և  փորձում է այն ստանալ գրեթե բոլոր խոշոր նավթահանքերից:

1936թ. Գյուլբենկյանի համաշխարհային փառքն ու անունն առնչվում են մեկ այլ առաքելության հետ ևս, որը կարծես վաղուց էր կանխորոշված: Դա նրա 
խորհրդավորության հասնող գեղագիտական բարձր ճաշակի վառ 
արտացոլումն էր, որի շնորհիվ Գյուլբենկյանն ամբողջ կյանքում հավաքում է 
շուրջ 6 հազար  յուրահատուկ արվեստի գործեր:  Նրա հավաքածուն  շարունակում է  համալրվել նորանոր գործերով  և հավաքածուի  կուտակված նմուշներն այնքան են շատանում, որ այլևս չեն տեղավորվում 
նրա ունեցած կացարաններում: Ապահովության նկատառումներով` նա դրանց մի մասը տեղափոխում է Լոնդոն, իսկ եգիպտական արվեստի հավաքածուն պահպանության է տրվում Բրիտանական թանգարանին: (Նույն նմուշները հետագայում (1948-1950թ.թ.) տեղափոխվում են  Վաշինգտոնի արվեստի ազգային պատկերասրահ, ապա մի քանի տարի անց վերադարձվում Պորտուգալիա):

1938թ. Գյուլբենկյանը միավորվում է նավթի և գազի արդյունաբերությամբ 
զբաղվող Panama ընկերության հետ, որը այնուհետև  վերանվանվում է Partex Oil and Gas (Holdings) Corporation և հետագայում դառնում Լիսաբոնում այժմ գործող «Գալուստ Գյուլբենկյան»  հիմնադրամի  սեփականությունը: Իրենց շահերից ելնելով անգլիական իշխանությունները 
ամեն կերպ ցանկանում էին Գյուլբենկյանի ֆինանսական կարողությունները պահպանել Մեծ Բրիտանիայում, սակայն Գյուլբենկյանը որոշում է այն 
տեղափոխել մի այլ երկիր, որտեղ պայմանները ավելի բարենպաստ կարող էին լինել բոլոր առումներով: 

1942թ. Երկրորդ համաշխարհային պատերազմի ամենաթեժ տարիներին, 
Գյուլբենկյանը Եվրոպայում փնտրում և գտնում է այն չեզոք երկիրը, որտեղ 
ռազմական գործողություններ չէին ընթանում և, որը գրավված չէր 
ֆաշիստական Գերմանիայի կողմից: Այդ երկիրը Պորտուգալիան էր, ուր էլ նատեղափոխում է իր ամբողջ կարողությունն  ու անձնական հավաքածուն,  որոնք նրա մահից հետո ամբողջությամբ մնում են այնտեղ: Բացի այդ,  երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ամերիկացիներն Arabian American Oil Company-ի (Aramco) միջոցով սկսում են  ներթափանցել Արաբական աշխարհի նավթային հանքեր` խախտելով 1928թ. ձեռք բերված համաձայնությունը: Այս նույն տարիներին Գյուլբենկյանը հանդիսանում է Իրաքի պատվիրակը Փարիզում, որից հետո նա նաև 
Պարսկաստանի առևտրական և դիվանագիտական ներկայացուցիչն է լինում:

1948-1950թթ. նոր բանակցությունների արդյունքում  կողմերը  փոխհամաձայնության են գալիս, ինչի հետևանքով էլ վերացվում է 
Գյուլբենկյանի` նախկինում առաջարկած «Կարմիր գիծը»: 

1955թ. հուլիսի 20-ին Պորտուգալիայի Լիսաբոն քաղաքի` «Ավես» շքեղ  հյուրանոցում, որտեղ անցկացրեց իր կյանքի վերջին տասներեք տարիները, 
վախճանվում է երևելի գործարար, հմուտ դիվանագետ, Մերձավոր Արևելքի 
նավթարդյունաբերության առաջամարտիկ, բարերար և մեծ արվեստասեր, 
դարի մեծագուն մարդկանցից մեկը` Գալուստ Գյուլբենկյանը: Նրա աճյունը 
ամփոփվում է հենց իր միջոցներով Լոնդոնում կառուցված Սբ. Սարգիս 
եկեղեցում: Կյանքի վերջում` Գյուլբենկյանի կարողությունը գնահատվում էր մինչև 840 միլիոն ԱՄՆ դոլար: 

2012թ. հունվարին երբ հրատարակվում է այն մարդկանց ցանկը, ովքեր 1951-1999թթ. ընթաքում առաջադրվել են  Մեծ Բրիտանիայի Թագուհու մրցանակին և հայտնի է դառնում, որ Գալուստ Գյուլբենկյանը 1951թ. Ելիզավետա II թագուհու կողմից առաջադրվել է  Բրիտանական կայսրության ամենաբարձր կառավարական պարգևի` KBE-ի (Knight Commander: the Most Excellent Order of the British Empire), ինչը նրան կբերեր նաև «Sir» կոչումը:  Սակայն մեծն գործարարը  մերժում է այդ պարգևը… 

Գալուստ Գյուլբենկյանը

«Պարոն 5%»

Նավթի արդյունահանումն աշխարհում աստիճանաբար ավելի եկամտաբեր էր դառնում, և երբ Եվրոպական երկրներն ու ԱՄՆ-ը դեռ լիարժեք ձևով չէին  հետաքրքրվում Միջին Արևելքի նավթային հանքերով` Գյուլբենկյանն 
առաջինն է նկատում նավթահանքերի լայնամասշտաբ շահագործման հեռանկարները: Այդ տարիներին նա իր ուժերն է ներդնում երկու խոշոր 
գործընկերների` Օսմանյան կայսրության և Անգլիայի շահերը 
պաշտպանելուն` երկար ժամանակ նրանց համար ապահովելով Միջագետքի նավթը շահագործելու մենաշնորհը և ինքն էլ պահպանելով իր մասնաբաժինը: Պարսից ծոցում առաջին նավթահորը շահագործելուն զուգահեռ, 
Գյուլբենկյանը Պարսկաստանում գնում է նավթաբեր հողատարածքներ, իսկ հետագայումդառնում նաև British Petrolium-ի հիմանդիրներից մեկը, որն  հետագայում վերանվանվում է «Անգլո-պարսկական նավթային  ընկերության»:  Առաջին համաշխարհային պատերազմի  նախաշեմին արաբական նավթի հանդեպ հավակնություններ է 
ներկայացնում նաև Գերմանիան: Անգլիացիները խնդրում են Գյուլբենկյանին բանակցություններ վարել Գերմանիայի հետ` նավթահանքերի նրանց 
մասնաբաժինը հնարավորինս նվազացնելու նպատակով: Երկարատև 
բանակցությունների արդյունքում Գյուլբենկյանը համաձայնագրի նախագիծ է
պատրաստում, որը բավարարելու էր բոլոր շահագրգիռ կողմերին: 
Հետագայում, երբ տարածաշրջանում նավթային գործի գլխավոր 
բաժնետերեր դարձան անգլիացիները, նրանք ստիպված էին Գյուլբենկյանին զիջել դրանց 5%-ը: Իհարկե, ընկերությունում  որոշումներ կայացնելիս  նրա ձայնը որոշիչ չէր կարող լինել, բայց ստացված եկամուտներից միշտ իր 
բաժինը կունենար: Այսպես ծնվում է «Պարոն 5%»-ի մասին լեգենդը: 

Պարոն 5%-ը

Գյուլբենկյան բարերարը

Իր կենդանության օրոք արդեն Գյուլբենկյանը շռայլ նվիրատվություններ էր 
անում: Լինելով շատ խնայող ու ժուժկալ սեփական ընտանիքում` նա գումարներ չէր խնայում Թուրքիայի, Սիրիայի, Լիբանանի, Իրաքի, Հորդանանի 
հայկական համայնքներին առատաձեռն նվիրատվություններ անելու համար: Նա նվիատվություններ է կատարել ոչ միայն հայկական համայնքներին, այլև օտարերկրյա բազմաթիվ կազմակերպություններին: 

1920-1922թթ. Լոնդոնի հայ համայնքը ցանկություն է հայտնում 
եկեղեցի ունենալ և այդ հարցով դիմում է Գյուլբենկյանին: Նա ընդառաջում է հայ համայնքի խնդրանքին և շուտով նրա միջոցներով  կառուցվում է Սուրբ Սարգիս եկեղեցին՝ Հաղպատի վանքի զանգակատան 
օրինակով: Այդ եկեղեցին մինչ օրս համարվում է Լոնդոնի ամենագեղեցիկ 
հուշակոթողներից մեկը, որտեղ արարողությունները կատարվում են 
Գյուլբենկյանի կտակած միջոցների հաշվին: 

1929թ. Գյուլբենկյանի խոշոր բարեգործական ներդրումների շնորհիվ 
կառուցվում է Երուսաղեմի հայոց պատրիարքարանին կից «Գյուլբենկյան» 
մատենդարանի շենքը, որին ժամանակին նաև գրականություն է 
մատակարարվում: Նա ձեռնարկում է նաև Միջին Արևելքի բազմաթիվ այլ 
եկեղեցիների կառուցումը:

1920-1940թթ. Գյուլբենկյանը իր հովանու տակ է վերցնում Թուրքիայի, Սիրիայի Լիբանանաի, Հորդանանի, Իրաքի հայկական դպրոցներն ու բժշկական կենտրոնները: Նա մեծ գումարներ է ներդնում նաև 
Երուսաղեմի պատրիարքարանի, Կ. Պոլսի Սուրբ Փրկիչ հիվանդանոցի 
վերանորոգման, ինչպես նաև Երևանի ծայրամասում կառուցվող 
Նուբարաշեն և Նոր Կեսարիա թաղամասերի շինարարության գործում, 400 հազար ԱՄՆ դոլարի օգնություն է ցույց տալիս Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին՝ թանգարանի վերակառուցման և պարիսպների վերականգնման համար: 

1936 թթ. Թուրքիայի իր ամբողջ ունեցվածքը Գյուլբենկյանը որոշում է 
նվիրել Երևանի պետական համալսարանին, սակայն Խորհրդային 
Հայաստանի այն ներկայացուցիչները, ովքեր այդ գործում պետք է օգնեին 
Գյուլբենկյանին, մեկը մյուսի հետևից հայտարարվում են ժողովրդի թշնամի ևգնդակահարվում: Այս նվիրատվության հարցը շուտով փակվում է 
թուրքական կառավարութան կողմից` հատուկ օրենքով արգելելով 
Գյուլբենկյանի նվիրատվությունների հետագա կազմակերպումը:

1930-1932թթ. Պողոս Նուբար փաշայի մահվանից հետո Գյուլբենկյանը ստանձնում է 1906թ Կահիրեում հիմնադրված Հայկական 
Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) ղեկավարությունը:   

1953թ. Կյանքի մայրամուտին, նա մտածում էր իր կտակի մասին, որում 
ցանկություն էր հայտնում նաև Լիսաբոնում հատուկ ֆոնդ ստեղծել` Եվրոպայով մեկ ցրված իր հավաքածուի բոլոր նմուշները` իր բոլոր «զավակներին» մեկտեղելու համար: Իր վերջնական կտակի համաձայն, որը 
նա ստորագրեց հունիսի 18-ին՝ «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամը
պետք է գտնվեր Լիսաբոնում և ղեկավարվեր պորտուգալական օրենքներով, 
բայց միաժամանակ պետք է նպաստեր համայն մարդկության առաջընթացին:Ըստ տեղեկատվական տարբեր աղբյուրների, նա ապագա հիմնադրամի ֆոնդին կտակեց  տարեկան 2,6 միլիարդ և 102 միլիոն ԱՄՆ դոլար շահույթ բերող 
հարստություն, որով հիմնադրամը պետք է շարունակեր իր բարեգործական 
ծրագրերն աշխարհի տարբեր երկրներում: 

1956թ. Լիսաբոնում իր կտակի համաձայն սկսվում է նրա բարեգործության 
թագի` Գյուլբենկյան հիմնադրամի գործունեությունը, որը ժառանգեց ոչ միայննրա նավթային եկամուտը, այլև նրա արվեստի գործերի հավաքածուն: Նրա 
թողած կտակում հատուկ նշված է միայն Սբ. Էջմիածնի Մայր տաճարի 
նորոգման համար 450 հազար ԱՄՆ դոլարի  հատկացման մասին: Սակայն, կտակարար մարմնի անդամ, Գալուստ Գյուլբենկյանի դստեր ամուսնու` Գևորգ Եսայանի ջանքերով հետագայում հիմնադրամում բացվում է նոր՝ Հայկական համայնքների բաժանմունքը: Հայկական բաժանմունքի տարեկան բյուջեն կազմում է շուրջ 4 մլն ԱՄՆ դոլար, որը կանոնակարգված բաշխվում է Սփյուռքի և ՀՀ-ի (1964 թվականից ի վեր) գիտական, առողջապահական, կրթական և մշակութային կազմակերպություններին: Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամն իր ստեղծման պահից մեծ հատկացումներ է կատարել 
հատկապես Հայաստանի առանձին կազմակերպությունների և կառույցների: Հիմնադրամն ավելի քան 56 տարի կապ է պահպանում Հայաստանի Մայր ԲՈՒՀ-ի հետ: Նրա աջակցությամբ դեռևս 90-ականներից Երևանի Պետական Համալսարանում հրատարակվել են 110 հայագիտական հատորներ, ինչպես նաև գործում է հյուրերի տունը: 

Լոնդոնի Սուրբ Սարգիս եկեղեցին

P.S. Հատկանշական է, որ իր ողջ կյանքում Գյուլբենկյանը երազել էր 
Հայաստան գալու ու իր ամբողջ կարողությունը Խորհրդային Հայաստանին 
կտակելու մասին: Անվանի բարեգործը արտասահման գործուղված հայ 
մտավորականների հետ տարբեր ձևաչափերի հանդիպումների ժամանակ 
փորձում էր ելքեր գտնել իր մտահղացումը իրականացնելու համար, սակայն Խորհրդային իշխանությունները նրան համարում էին մարդկանց 
շահագործող կապիտալիստ և կտրականապես արգելում էին նրա մուտքը 
Խորհրդային Հայաստան, որտեղ մշտապես պախարակվում և մրոտվում էին Գյուլբենկյանի և սփյուռահայ այլ բարերարների անունները: 

 

Հեղինակ՝ Forbes Armenia

Աղբյուր` Հ. Ծուլիկյանի, Զ. Բալայանի, Զ. Եկավյանի, Կ. Մայիլյանի, Հ. Հակոբյանի հոդվածներ, ինչպես նաև տարբեր լրատվական աղբյուրներ այդ թվում նաև gulbenkian.pt: