8-ամյա կրթությամբ, «Լաս Վեգասի արծիվ», «Հայ թռչող գորգի վրա», Rifle Right, Godfather of Las Vegas և Smiling Cobra մականուններով, հայազգիմիլիարդատերՔըրք Քըրքորյանը` (Գրիգոր Գրիգորյան) սեփական փորձով աշխարհինապացուցեց, որ հաջողության կարելի է հասնել՝ ամենինչ սկսելով զրոյից և անգամ հենման կետ չունենալով: Նրա խաղատներում չկան ժամացույցներ և հայելիներ: Ոչ ոք չպետք է տեսնի իր դեմքը և պետք է իրեն հերոս պատկերացնի: Ներքին հարդարանքներում արգելված է կապույտ գույնը, ինչը մթության մեջ մարդու դեմքը գունատ է դարձնում: Խաղատներում ամեն ինչ կարմիր է, ոսկեգույն վառ և արտահայտիչ: Համալիրի ներսում Քըրքորյանի մտահաղացմամբ ստեղծված Լաս Վեգասի առաջին մանկական հրապարակում երեխաները կարող են խաղալ, լողալ և զվարճանալ, քանի դեռ նրանց ծնողները գտնվում են խաղատանը: Նա ազնվորեն հավատացել է սեփական ուժերին և անդավաճան մնացել իր սկզբունքներին անգամ ձախողումների ժամանակ՝ ամեն անկումից հետո ավելի բարձրանալով ու ավելի առաջ գնալով։ Ապրելով համեստ կյանքով, հազվադեպ հարցազրույցներ տալով ու հանրության առջև ելույթ ունենալով, Նա համոզված էր, որ մարդու մասին խոսում են նրա գործերը։
Forbes Հայաստանը կազմել է Քըրք Քըրքորյանի գործունեության ժամանակագրությունը՝ մանկությունից մինչև 2013թ.: Թեև մենք կարող էինք Քըրքորյանի ոգեշնչող կյանքի ու գործունեության մասին ծավալուն հոդված գրել, բայց նախընտրեցինք սակավախոս լինել, ճիշտ մեր հերոսի նման։
1926թ․ 9-ամյա Քըրքը վաստակում է իր առաջին գումարը լրագրավաճառությամբ զբաղվելով, բեռնակրություն անելով, փողոցներ մաքրելով։ Շուտով միջնակարգ դպրոցում նա սիրողական բռնցքամարտի թեթև քաշային կարգում արժանանում է չեմպիոնի տիտղոսի և մինչև 1935թ. զբաղվում պրոֆեսիոնալ բռնցքամարտով:
1935թ․ Քըրքը հետաքրքրվում է ֆուտբոլով և բասկետբոլով և իր ապագան բացառապես տեսնում սպորտում։ 18-ամյա պատանին աշխատում է ավտոլվացման կետում և մշտապես մտածում սեփական գործ սկսելու մասին: Շուտով սկսում է ճանապարհատրանսպորտային պատահարների արդյունքում վնասված մեքենաներ գնել, վերանորոգել ու վաճառել:
1939թ․ Քըրքն աշխատում է ջեռուցման կաթսաների վարպետ` Թեդ Օ’Ֆլայերթիի մոտ որպես օգնական՝ ժամում վաստակելով 45 ցենտ: Ինքնաթիռներով տարված Օ’Ֆլայերթիից «վարակվելով»` Քըրքն իր առջև օդաչու դառնալու նպատակ է դնում, ապա սկսում է հաճախել Պանչո Բարնեսի օդաչուական դասընթացներին, իսկ ծառայության դիմաց Բարնեսին վճարում է նրա անասուններին կեր տալով և հետևելով։ Վեց ամիս անց 22-ամյա Քըրքը ստանում է օդաչուի վկայականը։
1940թ․ Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերի 23-ամյա խիզախ օդաչուն չվերթներ է իրականացնում Կանադայից Մեծ Բրիտանիա՝ տեղափոխելով կանադական ռմբակոծիչներ: Բեռնափոխադրումով թռիչքները չափազանց վտանգավոր էին, և ըստ վիճակագրության, չորս օդանավից միայն մեկն էր բարեհաջող ետ վերադառնում: Քըրքը կարողանում է անխտիր բոլոր թռիչքներն հաջողությամբ ավարտել՝ յուրաքանչյուրի դիմաց 1000 ԱՄՆ դոլար վարձատրություն ստանալով։ Շուտով խնայողությունների հաշվին նա 5000 ԱՄՆ դոլարով գնում է իր առաջին միաշարժիչ Cessna ինքնաթիռը, որով սկսում է երիտասարդ օդաչուներին ինքնաթիռ վարելու հմտություններ սովորեցնել:
1945թ․ Քըրքն ավարտում է զինվորական ծառայությունը՝ նոր ռեկորդ սահմանելով դեպի Շոտլանդիա ուղևորության արագության ցուցանիշներում՝ 7 ժամ 9 րոպե։ 28 տարեկանում նա արդեն հասցրել էր բազմաթիվ բարեհաջող թռիչքներ իրականացնել չորս մայրցամաքներով, ինչպես նաև Շոտլանդիա տեղափոխել 33 ռազմական ինքնաթիռ։ Նույն տարում Քըրքն իր կուտակած գումարների հաշվին մուտք է գործում ինքնաթիռների բաժնետոմսերի շուկա և առաջին անգամ այցելում Լաս Վեգաս ու սիրահարվում այդ քաղաքին:
1947թ. Քըրքը 60 հազար ԱՄՆ դոլարով ձեռք է բերում չարտերային Los Angeles Air Service-ը, որը վերանվանում է Trans International Airlines` TIA: 30-ամյա Քըրքի նոր հիմնած ընկերությունն առաջարկում էր գերարագ թռիչքներ (առանց չվացուցակի) Լոս Անջելեսից Լաս Վեգաս մեկնողների համար:
1950թ․ 33-ամյա Քըրքը լասվեգասյան «աստղ» է՝ ում ճանաչում են որպես հմուտ խաղացողի։ Միևնույն ժամանակ նա կարող է մեկ գիշերվա ընթացքում խաղասեղանին թողնել մինչև 80 հազար ԱՄՆ դոլար:
1955թ․ 38-ամյա Քըրքը կատարում է իր առաջին ռիսկային ներդրումը Լաս Վեգասում` ձեռք բերելով բաժնեմաս Dunes Hotel-ում:
1962թ. Քըրքորյանը 960 հազար ԱՄՆ դոլարով Լաս Վեգասում ձեռք է բերում 80 ակր (32 հա) հողատարածք, որը հետագայում վարձակալում է իր մրցակից ընկերությունը Caesars Palace հյուրանոցը կառուցելու համար: Այս գործարքից (տարածքի վարձակալության տրամադրումից մինչև դրա վաճառք) 45-ամյա գործարարը վաստակում է ինը միլիոոն ԱՄՆ դոլար, ինչն էլ ազդարարում է Քըրքորյանի խոշոր բիզնես կարիերան:
1965թ․ 48-ամյա Քըրքորյանը TIA-ի բաժնետոմսերի տեղաբաշխում է իրականացնում: Ամերիկահայերը լավ ճանաչելով նրան գնում են բաժնետոմսերի մեծ քանակ, արդյունքում բաժնետոմսերի գինն աճում է 9,75 ԱՄՆ դոլարից հասնելով 32 ԱՄՆ դոլարի: Միաժամանակ Քըրքը շարունակում է մնալ TIA-ի ամենամեծ բաժնետերը՝ 85 մլն ԱՄՆ դոլարի արժողությամբ իր բաժնեմասով:
1967թ․ Քըրքորյանը հինգ միլիոն ԱՄՆ դոլարով ձեռք է բերում 82 ակր (33 հա) հողատարածք և ձեռնարկում իր International հյուրանոցի կառուցումը: 50-ամյա գործարարի երևակայության ծնունդը` այդ տարիների աշխարհի խոշորագույն հյուրանոցային համալիրն էր, որն ուներ հյուրանոցային բիզնեսին ոչ հատուկ աշխարհում առաջին մանկական սրահը։ Հյուրանոցի բացմանը ելույթ են ունենում հանրահայտ Էլվիս Փրեսլին, Բարբարա Սթերյզանդը և այլոք․ Մինչ այդ գովազդման նման հնարք չէր կիրառվել։ Հյուրանոցի բացմանը զուգահեռ նա տեղաբաշխում է բաժնետոմսերի 17%-ը՝ մեկ բաժնետոմսի արժեքը՝ հինգ ԱՄՆ դոլար սահմանելով։ Ընդամենը մեկ ամիս անց International հյուրանոցի մեկ բաժնետոմսի շուկայական արժեքը հասնում է 50 ԱՄՆ դոլարի:
1968թ․ 51-ամյա գործարարը գնում է լասվեգասյան Flamingo International հյուրանոցը, որը 140 միլիոն ԱՄՆ դոլարով վաճառում է Hilton Hotels Corporation-ին: Նույն տարում նա վաճառում է նաև TIA-ը, որը 104 միլիոն ԱՄՆ դոլարով գնում է Transamerica Corporation-ը:
1969թ․ հայազգի միլիարդատերը գնում է Metro-Goldwyn-Mayer` MGM կինոընկերության արժեթղթերը` 52 տարեկանում մուտք գործելով հոլիվուդյան կինոարտադրության աշխարհ։ Հետագայում MGM-ին հաջորդում է United Artists-ը: Նույն տարում Քըրքորյանը բացում իր MGM հյուրանոցը և խաղատունը:
1973թ․ Տեղի է ունենում Քըրքորյանի երկրորդ հյուրանոցի բացումը: 56-ամյա գործարարն իր նորաբաց 26 հարկանի հսկան անվանում է Grand Hotel, որը ճանաչվում է իր ժամանակի ամենամեծ հյուրանոցն աշխարհում՝ 2084 սենյակներով ու 107 միլիոն ԱՄՆ դոլար ընդհանուր արժողությամբ,
1980թ․ Նոյեմբերի 21-ին Grand Hotel հյուրանոցում հրդեհ է բռնկվում, որին զոհ է գնում 85 մարդ, իսկ հարյուրավոր մարդիկ ստանում են մարմնական վնասվածքներ: Դեպքի պահին Քըրքը Նյու-Յորքում էր գտնվում և Լաս Վեգաս է ժամանում դեպքից մի քանի ժամ անց: Համընդհանուր տարակուսանքի ֆոնին շատերը կարծում էին, որ նա ուժ չի գտնի հյուրանոցը վերակառուցելու, սակայն դեպքից ութ ամիս անց հյուրանոցը վերաբացվում է: Նույն տարում նա դաառնում է Chrysler ընկերության բաժնետեր: Ավելի վաղ նա արդեն գնել էր General Motors ընկերության արժեթղթերի փաթեթը:
1986թ․ 69-ամյա Քըրքորյանը Bally Manufacturing ընկերությանն է վաճառում Ռենոյի իր MGM Grand հյուրանոցները 594 միլիոն ԱՄՆ դոլար գործարքային գնով։ Ted Turner-ին է վաճառում նաև իր Treasure Island հյուրանոցն ու խաղատունը 750 միլիոն ԱՄՆ դոլարով:
1989թ․ Քըրքորյանը հիմնում է Lincy բարեգործական հիմնադրամը (իր դստրերի Լինդայի և Թրեյսիի անունով): Հիմնադրամի առաջնային նպատակն է դառնում 1988թ․ Սպիտակի ավերիչ երկրաշարժից տուժածներին օգնություն ցուցաբերելն ու աղետի գոտու վերակառուցմանն օժանդակելը։
1991թ․ Քըրքորյանը` նշում է իր 74 ամյակը և ինչպես ինքն է հիշում, հենց այդ շրջանից էլ սկսվում է նոր վերելքը: Արդեն ապահով ծերություն վայելելու ժամանակն էր. Քըրքը միլիարդատեր էր, հյուրանոցների, խաղատների, ավիաուղիների սեփականատեր, սակայն չէր պատրաստվում հանգստանալ:
1995թ․ Քըրքը փորձում է 22,8 միլիարդ ԱՄՆ դոլարով ձեռք բերել Chrysler ընկերությունը, դրա նախկին նախագահ Լի Յակոկայի օժանդակությամբ, սական Chrysler-ի ղեկավարությունն այդ առաջարկն ընդունում է որպես թշնամական: Երկար պայքարից հետո Քըրքորյանը տեղի է տալիս և նույնիսկ վաճառում ընկերության 9.8%-ի իր բաժնեմասը: Երկու տարի անց Chrysler-ի ղեկավարությունը համաձայնում է ընկերությունը վաճառել գերմանական հայտնի ավտոարտադրողներից մեկին`Daimler-Benz-ին:
2000թ․ Քըրքորյանի MGM Grand-ը ձեռք է բերում Mirage Resorts-ը` առձեռն վճարելով 4,4 միլիարդ ԱՄՆ դոլար:
2001թ․ 84-ամյա Քըրքորյանի ստեղծած «Լինսի» հիմնադրամը շարունակում է օժանդակել Հայաստանին՝ ճանապարհների վերակառուցման, աղետի գոտու բնակարանաշինության, մշակութային հաստատությունների վերանորոգման, դպրոցաշինության, Երևանի փողոցների և հրապարակների վերանորոգման, ինչպես նաև փոքր և միջին ձեռներեցության զարգացման նպատակով: Կառուցվում և վերականգնվում են միջպետական և հանրապետական նշանակության մոտ 435 կմ ավտոճանապարհներ, թունելներ և կամուրջներ, ինչպես նաև վերանորոգվում են 34 մշակութային օջախներ` թատրոններ, համերգասրահներ, թանգարաններ, պատմամշակութային համալիրներ և այլն: Սկսած 2001-ից Lincy հիմնադրամն ավելի քան 242 միլիոն ԱՄՆ դոլար է նվիրաբերում Հայաստանին։
2004 թ․ Հայրենիքին մատուցած բացառիկ ծառայությունների համար 87-ամյա Քըրքորյանին շնորհվում է Հայաստանի ազգային հերոսի կոչում՝ Հայաստանի Հանրապետության բարձրագույն պարգևը:
2005թ. Քըրքը հինգ միլիարդ դոլարով Sony-ին է վաճառում Metro-Goldwyn-Mayer-MGM ստուդիան, սակայն պահպանում MGM Mirage-ի 55% բաժնեմասը:
2006թ. Քըրքորյանը մի քանի գործարքով վաճառում է 14 միլիոն ԱՄՆ դոլարի General Motors-ի իր ողջ բաժնեմասը: General Motors-ը կորցնում է իր արժեքի ավելի քան 90%-ը, և 2009 թ․ հայտնվում սնանկացման եզրին:
2007թ․ 90-ամյա Քըրքը 4,58 միլիարդ ԱՄՆ դոլարով մասնակցում է Daimler-Chrysler-ի ամերիկյան մասնաճյուղի` Chrysler Group-ի վաճառքի մրցույթին, որին մասնակցելու հայտ էին ներկայացրել նաև Cerberus Capital Management-ը, The Blackstone Group-ը և Magna International-ը: Սակայն ի վերջո Chrysler Group-ի բաժնետոմսերի 80%-ը 7.4 միլիարդ ԱՄՆ դոլարով վաճառվում է Cerberus-ին:
2008թ․ Քըրքորյանը մեկ միլիարդ ԱՄՆ դոլար է ծախսում` Ford Motor Company-ի բաժնետոմսերի 6%-ը ձեռք բերելու նպատակով: Նույն տարում ներդրումը կորցնում է արժեքի երկու երրորդը: Բացի այդ, տարեսկզբին Tracinda-ն իրականացնում է իր բաժնեմասերի մի մասի վաճառքը, իսկ տարեվերջին Քըրքն արդեն վաճառում է մնացյալ բաժնեմասը:
2009թ․ Քըրքորյանն ու Tracinda-ն կորցնում են իրենց մեծամասնական բաժինը MGM Mirage-ում` նրանց բաժնեմասը 53.8%-ից նվազում է մինչև 39%-ի:
2011թ. 94-ամյա Քըրքորյանի բաժնեմասը MGM Mirage-ում, որը ժամանակին 11 միլիարդ ԱՄՆ դոլարից էլ բարձր էր գնահատվում, կորցնում է արժեքը և հասնում մինչև մեկ միլիարդի: Նույն տարում հայտնի է դառնում, որ Քըրքորյանի` Lincy հիմնադրամը մտադիր է 200 միլիոն ԱՄՆ դոլար փոխանցել Կալիֆորնիայի UCLA համալսարանին, ստեղծելու The Dream Fund հիմնադրամը։ 2011թ․-ին Քըրքորյանը նաև 18 միլիոն ԱՄՆ դոլար է հատկացնում մեծ թենիսի հայազգի աստղ` Անդրե Աղասուն՝ աջակցելու վերջինիս նախաձեռնությամբ ստեղծվող College Preparatory Academy բարեգործական դպրոցին:
2012թ. Քըրքորյանը գլխավորում է Tracinda Corporation՝ սեփական ներդրումային ընկերությունը և զբաղվում բարեգործությամբ:
2013թ. Նշանակալի իրադարձություն մեզ համար։ Հայաստանում առաջին անգամ թողարկվում է Forbes Հայաստան ամսագիրը։ Պատիվ ունեինք ներկայացնելու 96-ամյա հայազգի ամենահայտնի միլիարդատեչ Քըչք Քըչքորյանին որպես Ձեռնեռեցությունը խրախուսող հեղինակավոր բիզնես ամսագրի առաջին համարի շապիկի հերոս։