Հեղինակի մասին․
Քրիստիան Թութունջյան դը Վարդավան
Փիլիսոփայության դոկտոր,
University College London
Դոկտոր Դը Վարդավանը մեր ժամանակների առաջատար գիտնականներից է: Նա ավելի քան 30 գիտական հայտնագործությունների, հրապարակված հինգ գրքերի և ավելի քան 35 հոդվածների հեղինակ է:
Դոկտոր Դը Վարդավանի ակադեմիական աշխատանքներն անկախ մասնագետների կողմից առանցքային են ճանաչվել վեց տարբեր գիտաճյուղերում՝ տնտեսական բուսաբանություն, հնագիտություն, բուսաբանություն, եգիպտագիտություն, հնէաբուսաբանություն և գիտական փիլիսոփայություն (ավելի ճիշտ՝ գիտության դասակարգում), որը շատ հազվադեպ է հանդիպում գիտության մեջ և, ըստ ամենայնի, չունի զուգահեռներ Հայաստանի գիտության պատմության մեջ: Վերջերս դոկտոր Դը Վարդավանն առաջընթաց է գրանցել յոթերորդ ուղղությունում՝ լեզվաբանությունում:
Եգիպտագիտության պատմության մեջ նա այն սակավաթիվ գիտնականներից է, ովքեր տեսել են Թութանհամոնի դամբարանում պահվող նյութերի մի մասը, որոնք Եգիպտոսի կառավարության կողմից հատուկ առանձնացվել էին դոկտոր Դը Վարդավանի ուսումնասիրության համար: Համաշխարհային ուշադրության առարկա դարձած այս հետազոտության մասին հոդվածներ են տպվել համաշխարհային մամուլի առաջին էջերում:
1995 թ. նրա գլխավորությամբ միջազգային գիտախումբը մեկնում է Վենետիկ՝ առաջին անգամ բացելու այնտեղ պահվող Նամենխեթ Ամունի մումիան: Այս առաքելության մասին վավերագրական ֆիլմ է նկարահանվում (Envoyé Spécial) Ֆրանսիայի ամենառեյտինգային հեռուստաալիքներից մեկի՝ France 2-ի կողմից: Այն մեծ ճանաչում է գտնում որպես գիտավավերագրական ֆիլմ և ավելի քան 10 տարի մնում է ֆրանսիական եթերում՝ միաժամանակ թարգմանվելով և հեռարձակվելով այլ երկրներում:
Դոկտոր Դը Վարդավանը մասնակցել է հնագիտական պեղումների Ֆրանսիայում, Անգլիայում, Հորդանանում, Սիրիայում և իհարկե՝ Եգիպտոսում: Նա ճամփորդել է Լիբիայում, Սահարայում, հասել է մինչև Ղադամեսի օազիսը, եղել է միջերկրական տարածաշրջանի շատ այլ երկրներում:
2006 թ.-ից ի վեր նա եգիպտագիտության տարածմամբ է զբաղվում Հայաստանում, Եգիպտագիտության հայկական կենտրոնի տնօրենն է: Կենտրոնի էլեկտրոնային պարբերականն այսօր ընթերցվում է 51 երկրի ավելի քան 1700 գիտնականի կողմից: Թութանհամոնի դամբարանի բույսերի մնացորդների մասին նրա ուսումնասիրությունը, որը հրապարակվել է «Եգիպտագիտությունն այսօր» (Քեմբրիջի համալսարան, գլուխ 1, էջ 15, 2008 թ.) հանդեսում, գնահատվել է որպես «անսպասելիորեն արժեքավոր» և վկայակոչվել որպես նմուշային օրինակ արդի եգիպտագիտության զարգացման գործում:
ԴՐԱՄԻ ԱՐԺԵՔԸ ՀԻՆ ԵԳԻՊՏՈՍՈՒՄ
Քրիստիան դը Վարդավան
Տարիներ առաջ Փարիզում՝ մեր տանը, Սուրբ ծննդյան տոնական ճաշի ընթացքում, նկատեցի՝ ինչպես է հայրս՝ առեղծվածային ժպիտով, խաղում պտղոմեյան մի մեծ մետաղադրամով: Այս սքանչելի մետաղադրամները, որոնց ոսկե և արծաթե նմուշներն ավելի հազվադեպ են պատահում, քան բրոնզից պատրաստվածները, իսկապես հաճելի է պահել ձեռքում. դրանք մեծ են (42մմ), ծանր (72 գրամ) և պատված են հին մետաղներին բնորոշ թավշականաչով: Երբ ես «համարձակվեցի» հարցնել հորս ժպտալու պատճառի մասին, նա քմծիծաղով պատասխանեց. «Պատկերացնո՞ւմ ես, 2000 տարի առաջ Ալեքսանդրիայում զինվորը կարող էր այս մետաղադրամով մարմնավաճառի ծառայությունից օգտվել» (հետևեց լռություն, հետո՝ ծիծաղ):
Ու ես սկսեցի մտածել. լա՛վ, հաշվի առնելով կայսրության համբավը և այն ժամանակվա Ալեքսանդրիայի տիկնանց հմտությունները, արդյո՞ք մետաղադրամի արժեքը լիովին համապատասխանում էր մատուցվող ծառայությանը, թե՞ նման մի քանի մետաղադրամ էր անհրաժեշտ: Կարծում եմ՝ լեգիոները կիմանար դրամի արժեքը՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ այն ժամանակ մետաղադրամի քաշը համապատասխանում էր մետաղի արժեքին: Եվ իրոք, ո՞րն էր դրամի արժեքը Հին Եգիպտոսում:
ԴՐԱՄԻ ԱՐԺԵՔԸ
Իրականում նախքան հույների կողմից մետաղադրամների ներմուծումը Հին Եգիպտոս Ք. ա. շուրջ առաջին հազարամյակի կեսերին ու դրանց հատումը հետագայում՝ Ալեքսանդր Մեծի (Ք. ա. 320 թ.) կամ Պտղոմեոս I-ի օրոք, Հին Եգիպտոսում դրամ, որպես այդպիսին, գոյություն չուներ, ո՛չ մետաղադրամ, ո՛չ էլ առավել ևս՝ թղթադրամ: Հին Եգիպտոսի տնտեսությունը հիմնված էր ապրանքափոխանակության վրա, հետևաբար՝ «դրամի արժեքը» բոլորովին այլ էր: Մեզ համար այսօր դժվար է պատկերացնել որևէ տնտեսություն առանց փոխանակելի արժույթների, սակայն փաստ է, որ ավելի քան երեք հազարամյակ փարավոնյան քաղաքակրթությունն առանց դրամի «լավ էլ ապրել է»: Ավելին, այն զարգացրել է այնպիսի կուռ տնտեսական նախատիպ, որը ոչ միայն բազմիցս ապացուցել է իր արդյունավետությունը, այլև հնարավորություն է տվել փարավոններին ստեղծել կայսրություններ: Հարց է ծագում՝ ինչպե՞ս:
Այս հարցին պատասխանելու համար պետք է վերադառնանք փարավոնյան քաղաքակրթության ձևավորման ակունքներ, որի թվագրումը պարբերաբար հետ է մղվում: Դրա վերջին դրսևորումներից մեկը փարավոնական 0 դինաստիայի ավելացումն է, որը թվագրվել է Ք. ա. 3150-ից առաջ ընկած ժամանակաշրջանով: Այն կարող է թվագրվել մի հազարամյակով ավելի վաղ կամ ավելի ուշ, բայց մենք համեմատաբար քիչ բան գիտենք այն ժամանակների տնտեսությունների մասին:
Ք. ա. 4-րդ հազարամյակից սկսած Լիբանանից ներմուծվում էր մայրու փայտ, իսկ Ք. ա. 3500 թ.՝ լաջվարդ (հավանաբար՝ Միջագետքից): Ուրեմն կար առևտուր, իսկ եթե առևտուր կար, ապա կար փոխանակվող ապրանքների փոխհատուցման կարիք: Մենք չգիտենք, թե այդ ժամանակ ինչ արժեր մայրու մեկ գերանը կամ մեկ «կգ» լաջվարդը: Բացի այդ, Հին Եգիպտոսում կիլոգրամ հասկացությունը գոյություն չուներ: Ուրեմն եկեք նախ հասկանանք՝ ինչպես են հին եգիպտացիները կշռում իրենց ապրանքը և, ըստ այդմ, հաշվարկենք «դրամի» արժեքը:
Պատասխանը հետևյալն է. կշռում էին պարենային ապրանքի և մետաղի քաշի միավորներով՝ կախված ապրանքից ու ապրանքափոխանակման մակարդակից: Հասարակ մարդիկ, օրինակ՝ երկրագործները, սովորաբար առևտուր էին անում հանապազօրյա գոյատևման համար պարենային երկու առանցքային ապրանքի՝ հացի ու գարեջրի (ավելի ճիշտ՝ հացի բոքոնների ու գարեջրի փարչերի) գնահաշվով:
Անպայման կհարցնեք՝ իսկ ինչպես կարող էին համոզվել, որ յուրաքանչյուր բոքոնի քաշը նույնն է՝ համարժեքություն ապահովելու համար: Այստեղ գործել է հին եգիպտացիների խելացիությունը. բոքոնների թխման համար նախատեսված բոլոր կաղապարները բացարձակապես նույն չափի էին: Պարզ է, որ հաշվարկային նմուշները պահվում էին ինչ-որ տեղ՝ անհրաժեշտության դեպքում կաղապարները կրկնօրինակելու համար, և, իհարկե, յուրաքանչյուր բոքոն պետք է պատրաստվեր հավասարապես կշռված նույն բաղադրիչներից, մեկ բաղադրատոմսով: Այլ կերպ ասած՝ հացի արտադրությունը կարգավորվում էր իշխանությունների կողմից, ինչպես այսօր արվում է շատ երկրներում: Սրանով է բացատրվում նաև հացի տարբեր անվանումների առկայությունը Հին Եգիպտոսում: Այս անվանումները համապատասխանում էին հացի որոշակի տեսակների, որոնք, իրենց հերթին, համապատասխանում էին ճշգրիտ գների: Նույնը վերաբերում է նաև գարեջրի տեսակներին, որոնք չափվել են ըստ նույնածավալ փարչերի:
Բայց, լավ, ինչպե՞ս են եգիպտացիները հաշվել հացի բոքոնների կշիռները և գարեջրի ծավալները: Ահա այստեղ է, որ ի հայտ են գալիս կշռի մետաղական չափերը: Դրանք սովորաբար պղնձից էին, երբեմն՝ բրոնզից, հետագայում՝ արծաթից ու հազվադեպ՝ ոսկուց, և իրականում ոչ հաճախ էին փոխանակվում, քանի որ հիմնականում օգտագործվում էին կշռի չափը վկայակոչելու համար: Դրանց կշիռը հիմնված էր այն ժամանակվա «կիլոգրամի» վրա, որը կոչվում էր «դեբեն»: Նման կշռաչափեր դեռ մնացել են, և իմ գործընկերներն արդեն վաղուց հաշվել են, որ Հին Եգիպտոսի պատմության վաղ շրջանում՝ Հին թագավորության ժամանակ (Ք. ա. 2686- 2181 թթ.), 1 դեբեն պղինձը հավասար էր 13,6 գրամի, իսկ Նոր թագավորության ժամանակ (Ք. ա. 1550-1069 թթ.)՝ 90–91 գրամի:
Հետագայում դեբենը բաժանվել է 1/10 միավորի, որը կոչվել է քեդեթ ու համարժեք է եղել 9-9,1 գրամի: Ուրեմն պղնձի մեկ դեբենը հավասար էր բրոնզի մեկ դեբենին, իսկ դրանցից յուրաքանչյուրը համարժեք էր մեկ քեդեթ արծաթին: Այսպիսով, փարավոնյան Եգիպտոսում արծաթն, ըստ էության, 10 անգամ ավելի թանկ էր պղնձից և բրոնզից: Այսօր արծաթն ավելի քան հարյուր անգամ թանկ է նույն քանակությամբ պղնձից:
Եկեք դիտարկենք «ostraca»-ի (խեցեղենի կտորներ, որոնց վրա գրվել են հասարակ տեքստեր ու տեղեկություններ) հայտնի նմուշը՝ հայտնաբերված արհեստավորների հայտնի Դեյր էլ Մեդինա գյուղում (Կարնակ, Լյուքսորից ոչ հեռու): Ըստ համար 73 «ostraca»-ի՝ հին եգիպտացին գրել է հետևյալը (փակագծերում նշված մեկնաբանություններն իմն են).
- Տրվել է նրան սարկոֆագի դիմաց (սովորաբար թանկ բան է).
- Պղինձ՝ 8,5 դեբեն, այնուհետև՝ պղինձ՝ 5 դեբեն (հետևաբար՝ընդամենը 13,5 դեբեն պղինձ).
- 1 խոզի դիմաց՝ (արժեքը) 5 դեբեն, (+)1 այծ՝ 3 դեբեն, (+ ևս մեկ) այծ՝ 2 դեբեն (կենդանիների դիմաց, ընդամենը՝ 10 դեբեն).
- Ժանտաթզենու 2 փայտ (գերան), կազմում է 2 դեբեն.
- Ընդամենը՝ 25,5 դեբեն (պղինձ՝ նշված սարկոֆագի ձեռքբերման համար):
Սա համարժեք է 2,52 դեբեն արծաթի, որն այսօր կազմում է 226,8 գրամ արծաթ: Այսօրվա փոխարժեքով սա 1 կիլոգրամի համար կկազմեր 1080 ԱՄՆ դոլար, մինչդեռ այն այսօր կազմում է 244,94 ԱՄՆ դոլար: Թանկ չէ՞ այսօրվա չափանիշներով: Այսօր էլ այն շատ թանկ է և կազմում է 1476,99 եգիպտական ֆունտ:
Այսօր լավ կրթություն ունեցող մեկը, ով գրասենյակային աշխատող է եգիպտական որևէ ընկերությունում, ամսական ստանում է 350-900 եգիպտական ֆունտ: Մատուցողներն ամսական ստանում են 200-600 եգիպտական ֆունտ: Շատ ագարակատերեր (fellahs), որոնք զբաղվում են երկրագործությամբ, ինչպես իրենց նախնիները, ստանում են 200 եգիպտական ֆունտից շատ ավելի պակաս: Փաստորեն, 244,94 ԱՄՆ դոլար արժողությամբ սարկոֆագը ավելին է, քան նրանց մեկ տարվա աշխատավարձը, ուստի՝ մի ամբողջ կարողություն: Հիշում եմ, երբ 90-ականներին Ալեքսանդրիայում էինք, հայրս ասում էր. «Քրիստիա՛ն, եգիպտական մեկ ֆունտով դեռ կարելի է շատ բան գնել Եգիպտոսում»:
Այժմ եկեք տեսնենք, թե Ռամզեսների դինաստիայի օրոք (Ք. ա. մոտ 1295-1069 թթ.) որքան էր սարկոֆագի արժեքը Հին Եգիպտոսում: Չմոռանանք, որ խոսքն ապրանքափոխանակային տնտեսության մասին է: Աշխատավորի միջին աշխատավարձը կազմում էր 5,5 խար հացահատիկ, որը կազմում էր 11 դեբեն պղինձ կամ 1,1 քեդեթ արծաթ, այսինքն՝ 9,9 գրամ արծաթ: Քանի որ սարկոֆագի արժեքը 2,52 դեբեն էր, հետևաբար՝ այն համարժեք էր մոտ 2,5 ամսվա աշխատավարձին, իսկ վարպետի համար, որի ամսական աշխատավարձը 7,5 խար էր, ավելի պակաս: Ուրեմն կարելի է ասել, որ Հին Եգիպտոսում կայսրության վերելքի շրջանում տնտեսությունն ավելի լավ էր գործում, քան այսօր: Թերևս, բայց ամեն ինչ կախված է հասարակության շերտերի համեմատությունից: Բնակչությունը 5%-ով պակաս էր այսօրվա բնակչությունից, և փարավոնյան պետության ժամանակ կուտակված հարստությունն ուղղակի առասպելական էր: Դա հաճելի անակնկալ էր ասորիների համար Ք. ա. 671 թ., երբ վերջիններս թալանեցին ոսկով լի եգիպտական քաղաքներն ու տուն վերադարձան պատմական ավարով:
Ծավալի չափման միավորը հեքաթն էր, որը հավասար էր 4,8 լիտրի, նաև՝ մեկ այլ 1/10 միավոր կար, որը կոչվում էր հին և հավասար էր մոտ կես լիտրի (0,48 լիտր): Կար ևս երկու ավելի փոքր միավոր, որոնք մենք այստեղ չենք դիտարկի: Կար նաև ավելի մեծ միավոր, որը կոչվում էր խար և համարժեք էր 20 հեքաթի կամ 96,5 լիտրի Միջին թագավորության ժամանակաշրջանում (Ք. ա. 2055-1650 թթ.), իսկ Նոր թագավորության ժամանակաշրջանում (Ք. ա. 1550-1069 թթ.) ընդամենը՝ 76,8 լիտրի: Պարզ է, որ այս դեպքում էլ որոշ հաշվարկային փայտե կաղապարներ պետք է որ պահված լինեին որևէ տեղ՝ ճշտություն պահելու համար: Ծավալների այս միավորները ոչ միայն կիրառվում էին երկրագործների կողմից՝ չափելու ցորենի և գարու բերքը (Հին Եգիպտոսի երկու հիմնական ապրանքը), այլև՝ պետության՝ գնահատելու գյուղատնտեսական ամենամյա արտադրանքը և վերածելու դեբենի՝ մետաղի (բրոնզ, պղինձ, արծաթ, ոսկի) կշռաչափով:
Փաստորեն, 1 խար հացահատիկը համարժեք էր 2 դեբեն պղնձի: Սա զարմանալի է այն առումով, որ 1 խար ցորենի արժեքը տատանվում էր, ինչպես այսօրվա շուկայում, կախված, օրինակ, տվյալ տարվա բերքից, որն իր հերթին կախված էր Նեղոսի ամենամյա վարարումից: Հին Եգիպտոսում, ինչպես և մեր օրերում, երբ Նեղոսը քիչ էր վարարում, ու բերքն առատ չէր, դրամի արժեզրկում էր տեղի ունենում ու գների աճ, այսինքն՝ 1 խար/2 դեբեն հարաբերակցությունը միշտ չէ, որ գործում էր: Մեկ խար ցորենն արժեր ավելի շատ դեբեններ՝ կախված պետական պաշարների ծավալից (պետական մթերումներին համարժեք՝ փարավոնները ցորենի բերքը պահում էին վիթխարի պալատների հորերում): Այսինքն՝ գինը որոշվում էր առաջարկով և պահանջարկով:
Փաստ է, որ 20-րդ դինաստիայի ժամանակ (Ք. ա. 1186-1069 թթ.) 1 խար ցորենի արժեքը չէր համապատասխանում վերը նշված կայուն առևտրային արժեքին: Այս հանգամանքը, բնականաբար, առևտրում խնդիրներ էր առաջացնում, ինչպես և պարզ է դառնում նույն դարաշրջանի տեքստերից։ 1 խար գարին 2 դեբենի փոխարեն արժեր 4 դեբեն: Արդյո՞ք սա նշանակում է, որ փարավոնները փորձել են դրամային քաղաքականություն վարել: Ոչ միայն ստուգվել են հացի և գարեջրի նմուշային կաղապարները, այլև, ըստ որոշ տեքստերի, պետությունը միջամտել է որոշակի չափային միավորների վերակարգավորմանը: Այս տեսակետը հետագա ապացույցների կարիք ունի: Հին Եգիպտոսի պատմության ընթացքում գների երկարատև կայունության պայմաններում պետական վերահսկողության անհրաժեշտությունը քիչ էր: Դրան նաև նպաստել են արդեն նշված կայուն աշխատավարձերն այն անձանց, որոնք աշխատում էին Մեծ տան համար, այսինքն՝ փարավոնի կամ իր պետության:
Այժմ եկեք տեսնենք, թե ինչ հիմնական ապրանքատեսակներ ունեին հին եգիպտացիները նույն Ռամզեսների դինաստիայի ժամանակաշրջանում, և ինչ արժեին դրանք: Այլ կերպ ասած՝ եկեք կազմակերպենք «Թութանհամոն» փոքր սուպերմարկետ: Եթե 1լիտր/1կգ ալյուրի միջին գինը լիներ 0,5 ԱՄՆ դոլար, հետևաբար՝ 1 լիտր գարեջրի գինը կլիներ 0,4-0,81 ԱՄՆ դոլար, մինչդեռ 1 լիտր մեղրի կամ քնջութի յուղի գինը՝ մոտ 20,25 ԱՄՆ դոլար: Սրանք մոտ են ներկայիս մեր գներին ու չափերին:
Երբ պետությունը տեղյակ է իր ունեցվածքից, կարող է և կցանկանա գնահատել, թե ինչ ունեն այլ պետությունները: Պետությունը կարող է առևտրական հարաբերությունների մեջ մտնել մեկ այլ պետության հետ՝ վերջինիս ունեցվածքը ձեռք բերելու նպատակով կամ, նվաճելով այն, տիրանալ անվճար: Ահա այսպես են պատմականորեն ձևավորվել կայսրությունները, և Հին Եգիպտոսը բացառություն չէ: Փարավոնների համար դժվար էր Եգիպտոսից դուրս քշել դժնդակ հիքսոսներին (Ք.ա. 1620-ից մոտ 1530), ինչից հետո նրանք սկսել են դարանակալել հարևան պետություններին՝ նվաճումից հետո առաջացած ծախսերը փակելու և նոր ներխուժումները կանխելու համար:
Նրանց համար, թերևս, անսպասելի էր հետագա 500 տարվա տնտեսական անկայունությունը, որը քիչ թե շատ խթանվում էր ենթակա պետությունների տարեկան պարտադիր հարկերի հոսքով և, բացի այդ, ներմուծվող ապրանքների աճով ու հարևան երկրների հսկայական ռեսուրսների զանգվածային շահագործմամբ, ինչպես օրինակ՝ փայտի կամ թանկարժեք բուսախեժի օգտագործումը զմռսման ու լաքապատման համար. ապրանքատեսակներ, որոնք աստիճանաբար անհետացան, քանի որ կայսրությունը սկսեց անկում ապրել 22-րդ դինաստիայի կառավարման շրջանից (Ք. ա. 945-712 թթ.) սկսած։ Այլևս չէր կարելի գեղեցիկ լաքեր տեսնել սարկոֆագների վրա:
Երբ հույները Ափրիես փարավոնի թույլտվությամբ Ք. ա. 570 թ. հիմնեցին իրենց առաջին առևտրային կետը Նաուկրատիսում (Դելտայի շրջան)՝ Սաիթ մայրաքաղաքից ոչ հեռու, դժվար թե հին եգիպտացիները պատկերացնեին, որ այդ փոքրիկ կլոր արծաթյա առարկաները, որ կային իրենց մոտ, կարող էին կերպարանափոխել անհիշելի ժամանակներից ի վեր գոյություն ունեցող ապրանքափոխանակային տնտեսությունը: Նրանց համար անակնկալ էր նաև երկու ժողովուրդների հեշտ միաձուլումն ընդամենը մի քանի տարվա ընթացքում: Հետագայում Ալեքսանդր Մեծը և Պտղոմեոսյան դինաստիայի թագավորները նպատակահարմար գտան Եգիպտոսի հարստությունը վերաարժեքավորել ըստ իրենց սեփական արժույթի՝ հետին պլան մղելով հին եգիպտական չափման միավորների դերը։ Դա էր սպասում նաև հին եգիպտերենին հռոմեական և բյուզանդական վարչակարգի ներքո:
ա անդրադառնանք հորս մետաղադրամին և «մեր զինվորին», ով, կարծում ենք, կարող էր հեշտությամբ գնահատել «փողոցային» իր Կլեոպատրայից սպասվող ծառայությունը և հասկանալ, որ իր մեծ մետաղադրամը, որի արժեքը 9 օբոլ էր, պետք է որ բավարարեր: Այսինքն՝ հայրս ակամա ճիշտ էր: Մյուս կողմից՝ իր արվեստի գագաթնակետին հասած կնոջ արժեքն առնվազն երեք անգամ ավելի բարձր կլիներ նշված գումարից: Ուստի նրան մնում էր միայն հիանալ լողափից դեպի Ալեքսանդրիայի իր կացարանը գնացող այդ կնոջ ոտնահետքերով, որոնք, ավազի վրա չդաջված, արդեն հարթվում էին ծովի ջրով: Եվ սա միայն նախերգանքն էր ավելի բարձրակարգ հմտությունների, որոնք դուրս են այս հոդվածի «տնտեսական» հարաբերությունների ու ընթերցողների հետաքրքրության շրջանակներից... Թե՞ այդպես չէ:
* Հետագայում հնագույն ժամանակների մարմնավաճառության տնտեսական հարցերի վերաբերյալ հոդվածների համար խնդրում ենք գրավոր կերպով միջնորդություն ներկայացնել Forbes-ի խմբագրություն՝ հեղինակի հետ պայմանագիր կնքելու համար: Հեղինակը վստահեցնում է, որ որևէ կերպ չի աջակցում ալեքսանդրյան ու որևէ այլ մարմնավաճառությանը կամ թմրանյութերի օգտագործմանը, օրինակ՝ փարավոնական խունկերի (չփորձեք հետաքրքրվել մոտակա թանգարանում), որոնց հետևանքները չեն կարող բարենպաստ լինել: Չնայած՝ 16-18-րդ դարերում Ֆրանսիայում ընդունված էր շնչել փարավոնական մումիաների մանրացված փոշին մի շարք հիվանդությունների բուժման նպատակով (նաև՝ Լյուդովիկոս XIV-ի պալատում): Պատկերացրեք նախազգուշացումը տուփի վրա այսօր, եթե շարունակվեր փոշին շնչելու ավանդույթը. «Զգուշացո՛ւմ։ Եգիպտական մումիա շնչելը մահացու է»: