1․ Մարդիկ ինձ ավազակ են համարում․․․ սակայն դա այն չէ, ինչ կուզեի մտածեին իմ մասին:
2․ Պարզապես իմ կյանքում ամեն ինչ արագ ընթացավ․․․ Սկզբում ես թռչել սովորեցի, հետո սկսեցի մարդկանց թռչել սովորեցնել։ Այնուհետև սկսեցի սովորեցնել ուսուցիչներին՝ ինչպես թռչել սովորեցնեն մարդկանց․․․ Ու ողջ կյանքս անցավ այսպես։
3․ Հաջողության հասնելու համար, այն էլ առանց ուրիշի, պետք է սկսել վաղ տարիքից։ Իմ դեպքում ինը տարեկանն էր, երբ ես ընտանիքիս օգնելու համար սկսեցի գումար վաստակել։ Այդ ժամանակ անբացատրելի մղումով ես առաջ էի շարժվում։ Դա մի զգացողություն է, որը կարծում եմ, ավելի ուժեղ է առաջ մղում, քան ժառանգություն ստացած ցանկացած կարողություն։
4․ Կար ժամանակ, որ իմ նպատակը 100000 ԱՄՆ դոլար վաստակելն էր։ Հետագայում, ես սկսեցի մտածել, որ հաջողության հասած կլինեմ, եթե վաստակեմ մեկ միլիոն ԱՄՆ դոլար: Հիմա դա էլ աչքիս փող չէ:
5․ Ծնվել եմ այստեղ (ԱՄՆ), սակայն երբ դպրոց գնացի, անգլերեն դեռ չգիտեի, որովհետև տանը միայն հայերեն էինք խոսում։ Բայց ես Ձեզ մի բան կասեմ․ կյանքում չի եղել անգամ մեկ պահ, որ ես հպարտորեն չասեմ, որ հայ եմ։ Այո՛, ես հայ եմ, հյպարտ հայ, ով հաջողակ է և բավականին գործեր է հասցրել անել իր կյանքում։
6․ Հայրս` մի հսկա, «կոպիտ» մարդ էր, ով երբեք ոչ մեկից ոչինչ չի վերցրել:
7․ Ամեն մարդ պետք է իր գործն անի, անկախ այն փաստից՝ հարուստ է, թե աղքատ։
8․ Իմ առաջին սերը պրոֆեսիոնալ օդաչուի մասնագիտությունն էր:
9․ Պետք չէ ինձ ոչ սոցիալական կամ ինքնամփոփ մարդ համարել միայն այն պատճառով, որ ես միջոցառումների չեմ մասնակցում կամ ամբողջ ժամանակ հանրության աչքի առաջ չեմ: Շաբաթվա մեջ ես երեք կամ չորս երեկո ընթրում եմ ռեստորաններում: Ես 30-40 տարվա ընկերներ ունեմ և շարունակում եմ ծանոթանալ նոր մարդկանց հետ։
10․ Ես համեստ մարդ եմ։ Չեմ սիրում տեղից վեր կենալ ու ասել, որ եթե դու այսինչն անես այնինչը քեզ կհաջողվի։ Չեմ սիրում խոսել հաջողության հասնելու հնարքների մասին․ ես կարող եմ սխալվել։ Ես չեմ ուզում սխալ բաներ ասել։
11․ Տնտեսագետները, եթե լավ գործարարներ լինեին, հարուստ մարդիկ կլինեին, այլ ոչ թե հարուստ մարդկանց խորհուրդներ տվող փորձագետներ:
12․ Հարցեր տվեք և լսեք մարդկանց․ այնուամենայնիվ, գործեք՝ հետևելով ձեր ներքին ձայնին։
13․ Հավատում եմ, որ 30 տարվա փորձը պարտադիր պայման չէ հաջողության հասնելու համար․ կարևորը ողջամիտ լինելը և լավ տրամաբանություն ունենալն է:
14․ Ամբողջ սրտով ես խաղացող եմ: Սա է իմ կյանքը: Ես սիրում եմ խաղալ․ խաղալ թենիս հանգստյան օրերին, զբաղվել դրամախաղով: Խաղը դադարեցնում եմ միայն այն պահին, երբ հաղթելու շանս այլևս չկա:
15․ Կյանքի գլխավոր ծրագիր ես երբեք չեմ ունեցել: Պարզապես ես հաջողակ մարդ եմ, ով միշտ քրտնաջանորեն աշխատել է ու միշտ անկեղծ է եղել մարդկանց հետ։
PS
Մի կոկորդիլոս աննկատ ու անշարժ հանգստանում էր գետի ափին՝ հետևելով, թե ինչպես է մի փոքրիկ ձուկ լողում մոտակայքում: Կոկորդիլոսը քաղցած էր, սակայն չէր գնում փոքր որսի հետևից: Նա այնքան ժամանակ սպասեց, մինչև գետի կենդանիները դադարեցին նկատել իրեն և սկսեցին այլևս ուշադրություն չդարձնել: Բավական ժամանակ անց մի մեծ և ախորժալի ձուկ լողաց մոտակայքում: Հենց այդ պահին կոկորդիլոսը բացեց երախը և կուլ տվեց ձկանը: Ես կցանկանայի, որ մենք ունակ լինենք քաղցած կոկորդիլոսի նման համբերատար լինել: