ՄԵՏԱՔՍԻ ՃԱՆԱՊԱՐՀԻ «ՀԱՅԿԱԿԱՆ ԴՐՈՇՄԸ»

Վերջին տասնամյակում մամուլում, թեյի սեղանի շուրջ, բակերում, ամենուր հաճախ է քննարկվում այն հարցը, թե «ճանապարհները բացվելու դեպքում» արդյոք Հայաստանը բավարար ներուժ կունենա ներգրավվելու միջազգային առևտրի մեջ: Մենք որոշեցինք այս հարցին պատասխանել պատմության միջոցով, մասնավորապես՝ անդրադառնալով Հայաստանի և հայերի պատմական դերին միջազգային առևտրի զարգացման գործում: 

Այսպես, միջազգային առևտրական կապերը զարգացել են դեռևս Հին աշխարհի սահմաններում՝ ցամաքային, գետային և ծովային ուղիներով: Տարբեր երկրների մասնակցության աստիճանը միջազգային առևտրին պայմանավորված էր աշխարհագրական-ռազմավարական գործոններով, քաղաքակրթական զարգացումներով, հումքի աղբյուրներով և ապրանքների տեսականիով:

Նախ՝ մի քանի խոսք Հայաստանի աշխարհաքաղաքական դիրքի մասին: Հայկական լեռնաշխարհը կամուրջ էր Ասիայի ու Եվրոպայի միջև. այստեղ էին խաչվում միջազգային առևտրական այն ուղիները, որոնք Հայաստանը կապում էին Սև և Միջերկրական ծովերի ավազանների նավահանգիստների հետ՝ դրանց միջոցով առևտրական գործարքներ իրականացնելով Իրանում, Միջագետքում, Ասորիքում, Եգիպտոսում, Հնդկաստանում, Չինաստանում և Հին աշխարհի այլ տարածաշրջաններում: Այդ ուղիները, որոնք կապում էին արևմուտքն արևելքի և հյուսիսը հարավի հետ, սկզբնավորվել են դեռևս Մետաքսի ճանապարհով միջազգային տարանցիկ հարաբերությունների ստեղծման ժամանակներից, այսինքն՝ մ.թ.ա. II դարի վերջերից։ Պլուտարքոսը վկայում է, որ Մեծ Հայքի մայրաքաղաք Արտաշատը, որն անվանել են Հայկական Կարթագեն, մ.թ.ա. I դարում ուներ կարևոր նշանակություն որպես առևտրատնտեսական կապերի գլխավոր շառավիղներից մեկը: Հռոմեա-պարթևական առևտրական հարաբերություններում Հայաստանի՝ որպես միջնորդի վճռորոշ դերի մասին են վկայում Ստրաբոնը և հին դարերի այլ պատմիչներ: Փաստորեն, Մետաքսի ճանապարհը հնուց ի վեր անփոխարինելի դեր է կատարել Արևելքի և Արևմուտքի միջև առևտրատնտեսական և մշակութային կապերի հաստատման, ժամանակի իմաստով նորույթների, առավել ևս՝ նորաստեղծ գաղափարների փոխադարձ տարածման ու զարգացման գործում։ Գործնական շփումներ են սկսել Հին աշխարհի տարբեր մասերում ապրող վաճառականներն ու արհեստավորները: Քաղաքական և տնտեսական հարաբերություններում հատկապես ակտիվ մասնակցություն են ունեցել Մետաքսի ճանապարհի ուղիների ու ճյուղավորումների մերձավորությամբ ապրող հին ու նոր ժողովուրդները: Այսպիսով՝ Արևելքի և Արևմուտքի միջև իր ռազմավարական կարևոր դիրքով Հայաստանը հնուց ի վեր արդեն ներգրավված է եղել միջազգային առևտրում, ավելին՝ այդ դիրքի շնորհիվ Հայաստանի (Մեծ Հայքի)՝ որպես պետության դերն առաջավորասիական տարածաշրջանում ավելի է կարևորվել: 

Հայաստանը վերելք ապրեց Մեծ Հայքի թագավոր Արտաշես Ա-ի և հատկապես՝ արքայից արքա Տիգրան Բ Մեծի գահակալության շրջանում: Արտաշատ և Տիգրանակերտ մայրաքաղաքներն ու Տիգրանի անունը կրող մյուս նորակառույց քաղաքները վկայում են, որ Տիգրան Բ Մեծի՝ հայոց քաղաքակրթական զարգացումներից բխող գործունեությունը տարածվեց հայոց տերության մեջ մտած Առաջավոր Ասիայի մեծագույն մասի վրա: Տիգրան Մեծն իր հսկողության տակ վերցրեց Մետաքսի ճանապարհի՝ Հնդկաստանի սահմաններից մինչև Միջերկրական ծովի առափնյա նավահանգիստները հասնող բոլոր առևտրային ուղիները: Ավելին՝ նա այդ տարանցիկ ուղիների վրա հաստատեց հսկիչ կետեր, որոնք իրականացնում էին մաքսային ծառայություններ՝ գանձելով մաքսատուրքեր: Մաքսատուրքերից համալրվող արքայական գանձարանի հսկայական միջոցներն ուղղվում էին Միջագետքում և Առաջավոր Ասիայում նոր արքայական պողոտաներ, ուղիներ, կամուրջներ, իջևանատներ, ավաններ և քաղաքներ կառուցելուն: Դա մշակված առևտրատնտեսական, ֆինանսական և տնտեսական քաղաքականություն էր, որը վարում էին Տիգրանը և նրա հաջորդները՝ օգտագործելով արդեն եղած և նոր ստեղծված ենթակառուցվածքները: Որպես օրինակ հիշատակվում է այն, որ Տիգրան Մեծն արաբական ցեղերի առաջնորդների վերահսկողությանն էր հանձնել Մեդիայի, Ադիաբենի և Ասորիքի գետերի վրայով անցնող կամուրջները՝ որպես տարանցիկ կետեր արքայական գանձարանի համար տուրքեր հավաքելու: Արտաշեսյան թագավորական տոհմի արքաները, որոնք, ըստ հունահռոմեական պատմիչների, համարվում էին Մեծ Հայքի մեծ արքաներ, առևտուրը խթանելու համար վերահսկում էին Հայաստանի հարավարևմտյան շրջաններով անցնող «Արքայական» կոչվող մեծ ճանապարհը: 

Անտիկ շրջանի հեղինակների տվյալները լրացվում են Հռոմեական ուղեցույցի՝ Պևտինգերյան քարտեզի պարունակած փաստերով։ Նրանում մասնավորապես նկարագրվում է այն ճանապարհը, որը սկզբնավորվում էր Չինաստանում ու Միջին Ասիայում, ապա Մեդիայի (Իրան) վրայով անցնում դեպի Արտաշատ։ Ճանապարհը ճյուղավորվում էր Էկբատանում (Համադան), գնում էր հյուսիսարևմտյան ուղղությամբ դեպի Խոյ, այնտեղից Արտազի (կենտրոն՝ Մակու) վրայով հասնում էր Արտաշատ։ Հետո այն շարունակվում էր դեպի Սև ծովի մերձափնյա քաղաքները: 

Մետաքսի ճանապարհը

Պլուտարքոսի, Ստրաբոնի, Պոմպինիոսի և այլ պատմիչների վկայությամբ Տիգրան Բ Մեծի օրոք և հետագայում, երբ Եփրատից արևելք ճանաչված էր հայկական գերիշխանությունը,Պոնտական ծով տանող բոլոր ճանապարհները և կամուրջները գտնվում էին հայոց արքաների իշխանության ներքո: Իսկ Արտաշատը ծառայում էր որպես միջազգային առևտրի փոխաբեռնման կետ Հռոմեական կայսրության ու Արևելքի միջև, և, ինչպես վկայում է Պրոկոպիոսը, գոյություն ուներ համաձայնություն, որով ապրանքների միջազգային փոխանակումը կատարվում էր երեք հատուկ նշանակված տեղերում՝ Մծբին (Մեծ Հայք), Կալինիկում (Ռակկա՝ Եփրատի վրա) և Արտաշատ քաղաքներում։ Մ.թ.ա. I դարում հայոց արքաների կողմից նաև որոշակիորեն վերահսկվում էր ծովային առևտուրը Միջերկրական և Սև ծովերում, որոնք իրականացվում էին փյունիկեցիների և կիլիկիացիների միջոցով:

IV դարում Արտաշատին փոխարինելու եկավ Հայաստանի նոր մայրաքաղաքը՝ Դվինը (328 թ.)։ Այստեղով էր արդեն անցնում առևտրական մայրուղին, որը Չինաստանը, Միջին Ասիան և Իրանը կապում էր Բյուզանդիայի, հատկապես՝ նրա նոր մայրաքաղաք Կոստանդնուպոլսի հետ։ Դա Մետաքսի ճանապարհի հիմնական ուղիներից մեկն էր, այսպես ասած՝ միջին ուղին, որը, սկզբնավորվելով Չինաստանի ներքին շրջաններում, անցնում էր Ֆերգանայի դաշտավայր, հետո Սասանյան Իրանով և Հայաստանով դեպի Կոստանդնուպոլիս։ Դվինը, ինչպես հաստատում է Ն. Ադոնցը՝ վկայակոչելով Պրոկոպիոսին, այդ ժամանակահատվածում «Ասիայի միջազգային կյանքի կարևոր զարկերակն էր: Այն ծառայում էր որպես պարսկական և հռոմեական ապրանքների փոխաբեռնման շուկա»։ Դվինում, ինչպես և Արտաշատում, փոխանակման ամենակարևոր ապրանքներն էին չինական մետաքսը և մետաքսյա գործվածքները։ 

Հայաստանով անցնող Մետաքսի ճանապարհի վրա գտնվող քաղաքներից վաղ միջնադարից վերելք ապրեցին հինավուրց Ջուղան, Նախիջևանը, Կարինը, Մանազկերտը, Դվինը, իսկ X-XI դարերից՝ Հայոց Բագրատունյաց մայրաքաղաքներ Կարսը և Անին, որոնք գիտության և մշակույթի, արհեստների ու առևտրի խոշոր կենտրոններ էին: Ըստ պատմական աղբյուրների՝ Էկբատանից Դվին տանող ճանապարհն անցնում էր Գանձակ-Շահաստան, Մարաղա, Թավրիզ, Խոյ, Մակու ուղղությամբ։ Դվին տանող ճանապարհի այս ուղղության տարբերակն առաջադրված էր իր ժամանակին Կ. Միլլերի կողմից։ 

VII դարի սկզբին Արտազի վրայով անցնող ճանապարհի գոյության փաստը հաստատում է Սեբեոսը, որը նշում է, որ պարսկական թագավոր Խոսրով Անուշիրվանը մեծաքանակ զորքով անցավ Փոքր Ասիա՝ Պարսք կայանակետից (որը նշվում է Պևտինգերյան քարտեզում) դեպի Էկբատան, որը պետք է լինի Գանձակ-Շահաստան շրջանի մոտակայքում։ Ն. Ադոնցը, հիմք ունենալով Փավստոս Բուզանդի տեղեկությունները, եզրակացնում է, թե հենց այնտեղ էլ «կանգնած էր հայ թագավորի սահմանային պահակազորքը»: 

Ըստ Անանիա Շիրակացու՝ VI-VII դարերի սկզբին գոյություն ուներ նաև մյուս ճանապարհը, որը, սկիզբ առնելով Պարսից ծոցից, ձգվում էր դեպի Դվին Տիզբոնի, Գանձակի և Նախիջևանի վրայով: Գանձակ-Շահաստանից դեպի Նախիջևան անցնող ճանապարհի հատվածը ձգվում էր Խոյի և Արաքս գետի՝ Ջուղայի մոտ եղած գետանցի վրայով: Խաչաձևվելով Դվինում՝ այդ ուղիները կազմում էին մի հիմնական ճանապարհ, որը տանում էր դեպի Կոստանդնուպոլիս։ Այն անցնում էր Կարինով (Էրզրում), Նիկիայով (Իզնիկ), Ամասիայով, Գանդրայով (Գերմանիկապոլսի բերդը) և Անղրիայով (Անկյուրա/Անկարա)։ Հյուսիսային ճյուղը, անջատվելով հիմնական մայրուղուց, Դվինից Կողքիսի (Կոլխիդա) և Արմաղիի (Մցխեթ) վրայով հասնում էր դեպի Սև ծովի նավահանգիստները՝ Ֆասիս (Փոթի) և Դիոսկուրիա (Սուխումի): Ավանդական ճանապարհը Սև ծովի նավահանգիստներից մտնում էր Հայաստան՝ Արարատյան դաշտավայրի կայանակետերը (Արտաշատ կամ Դվին):

Փաստորեն, Հայաստանի ռազմավարական դիրքը և Հայկական լեռնաշխարհում քաղաքատնտեսական զարգացումը, ըստ վերը նշված պատմական աղբյուրների, հանդիսացել են Արևելքի և Արևմուտքի միջև առևտրատնտեսական կապերի զարգացման հանգույց, որը հնագույն ժամանակներից մինչև ուշ միջնադար հիմք է ծառայել միջազգային առևտրի մեջ հայերի ակտիվ ներգրավվածության համար, ինչն իր հերթին նպաստել է հայ առևտրական խավի զարգացմանը, միջազգային առևտրի մեջ վերջինիս ամրապնդմանը, ավելին՝ միջազգային առևտրի զարգացման գործում հայ առևտրականների դերի բարձրացմանը: Հայերի կողմից միջազգային առևտրի զարգացման մեջ ունեցած դերը և կատարված ներդրումներն ուղղակիորեն կապված են նաև մյուս կարևոր հանգամանքի՝ Հայաստանում քաղաքակրթության զարգացման և հումքի աղբյուրների ու արտադրանքի տեսականու առկայության հետ: 

Մետաքսի ճանապարհի հիմնական քաղաքները

Հնագույն ժամանակներում Հայկական լեռնաշխարհում քարի, երկաթի, պղնձի, ոսկու հումքերը, կավը լայնորեն կիրառվել են տեղական արտադրանքներ մշակելու մեջ: Ինչպես վկայում են շումերական աղբյուրները, արհեստագործությունը և մետաղագործությունը Հայաստանում զարգացած էին դեռևս մ.թ.ա. III հազարամյակում: Այդ նույն աղբյուրները նշում են նաև Արևելքի և Միջագետքի երկրներում հայկական ապրանքների տարածման մասին: Այսինքն՝ անտիկ հայկական պետականությունների ձևավորման հետ զարգացել է նաև տեղական ապրանքների արտադրության և Արևելքում ու Արևմուտքում դրանք իրացնելու մշակույթը: Դեռևս նոր քարի դարի շրջանում Հայկական լեռնաշխարհից վանակատ (օբսիդիան) է արտահանվել Միջագետքի և Միջերկրականի արևելյան ավազանի երկրամասեր: Իսկ վաղ բրոնզի դարաշրջանում շումերներն օգտվում էին Հայկական լեռնաշխարհի պղնձից: Մետաղագործության շնորհիվ Հայաստանը բրոնզի և վաղ երկաթի դարերում մետաղամշակման արդյունքներ էր արտահանում Արևելքի երկրներ: Բարձր գնահատելով Հայաստանի ներդրումը համաշխարհային քաղաքակրթության մեջ՝ Դ. Մ. Լանգն իր «Հայաստանը քաղաքակրթության բնօրրան» գրքում գրել է. 

«Հին երկիր Հայաստանը գտնվում է բարձր լեռներում, և Միջագետքը՝ Շումերի, Բաբելոնի և Եգիպտոսի հին քաղաքակրթություններով, թեպետ սովորաբար ժամանակակից իմաստով դիտվում է որպես քաղաքակիրթ կյանքի գլխավոր աղբյուր, Հայաստանը նույնպես իրավունք ունի համարվելու մարդկային մշակույթի բնօրրաններից մեկը: Ավելին՝ Հայաստանն իրավունք ունի համարվելու հին մետաղամշակության ավելի քան հինգհազարամյա հնության օջախներից մեկը»: 

Հնագույն ժամանակներում հայերի կողմից Միջագետքի ավազանում և Արևելքում իրականացվող առևտրի մասին արձանագրել է նաև Հերոդոտոսը (մ.թ.ա. V դար): Նա վկայում է Հայաստանից Եփրատ և Տիգրիս գետերով դեպի Բաբելոն կատարվող նավարկության մասին. 

«Արմենիայում, որը գտնվում է Ասորեստանից վերև, նրանք (հայերը) կտրում են ուռիները, որոնցով պատրաստում են նավի կողերը և դրանք պատում կաշվե ծածկով, նավի հատակի նման: Ամբողջ նավը լցնում են ծղոտով, բեռնում այն և թողնում հոսանքն ի վար: Դրանցից ամենախոշորներն ունեն հինգ հազար տաղանդ տարողություն: Մեծ մասամբ կարմիր կարասներով գինի է փոխադրվում: Յուրաքանչյուր նավի մեջ կա մեկ կենդանի գրաստ, իսկ խոշորների մեջ՝ մի քանիսը: Նավելով Բաբելոն հասնելուց և բեռը ծախելուց հետո նրանք վաճառքի են հանում նաև նավի կմախքը և ամբողջ ծղոտը, իսկ կաշիները բարձում են գրաստների վրա և վերադառնում արմենների մոտ: Քանզի գետն ի վեր ոչ մի կերպ հնարավոր չէ նավել՝ գետի արագության պատճառով: Այդ է պատճառը, որ նրանք նավերը պատրաստում են ոչ թե փայտից, այլ կաշվից: Երբ արմենները, գրաստները քշելով, հետ են դառնում Արմենիա, նույն ձևով պատրաստում են ուրիշ նավեր»:

Արդեն մ.թ.ա. II դարի վերջերից Մետաքսի ճանապարհով Արևելքի և Արևմուտքի միջև առևտրին հայերի ունեցած մասնակցության մասին վկայում են նաև ուղղակի և անուղղակի տեղեկություններ, որոնք վերցված են ասորական, եվրոպական, արաբական և այլ աղբյուրներից։ Տիգրան Բ Մեծի ժամանակներում, երբ Հայաստանը հասավ իր հզորության գագաթնակետին, բացի քաղաքաշինության զարգացումից, տեղի ունեցավ նաև տեղական ապրանքների արտադրության զարգացում, դրանց՝ Արևելք և Արևմուտք արտահանումն ու ընդհանրապես առևտրի ծաղկումը: Օրինակ՝ Մեծ Հայքի Ծոփք նահանգում մետաղագործությունը բավական զարգացավ, և Ծոփքի Արշամաշատ, Երկաթակերտ քաղաքները դարձան հայ մետաղագործ-արհեստավորների կենտրոններ: Պատրաստվում էին տարբեր տեսակի նոր զինատեսակներ հայկական բանակի վերազինման, ինչպես նաև արտերկրում վաճառելու համար: Զարգանում էին նաև ոսկերչությունը, արծաթագործությունը, կավագործությունը, խեցեգործությունը, գյուղատնտեսության ասպարեզում՝ բնամթերքի արտադրությունը, գինեգործությունը, որդան կարմիր ներկի արտադրությունը և այլն: Ի դեպ, Տիգրան Մեծի առաջնային քաղաքականությունն ուղղված էր Հայկական լեռնաշխարհից հումքի արտահանումն արգելելուն, քանի որ, նրա կարծիքով, հումքի արտահանումը կթուլացներ հայկական արտադրանքի մրցունակությունը Հնդկաստանի, Միջագետքի, Ասորիքի, Միջերկրական և Սև ծովերի ավազանների շուկաներում: 

Հայկական դրամների թափանցումը միջազգային շուկա (դրամներ հատվել են Արտաշատի և Անտիոքի դրամատներում) հնարավորություն տվեց ավելի լայնածավալ կերպով ներգրավվել միջազգային առևտրի մեջ՝ վաճառելով հայրենական արտադրանքը և գնելով ու Հայաստան ներմուծելով արժեքավոր ապրանքներ: Պլուտարքոսը վկայում է, որ Հայոց արքայից արքա Տիգրան Մեծն ինքնավարություն և ազատություն շնորհեց Միջերկրայքի  հունական 11 քաղաքներին, որպեսզի, զարգացնելով այդ քաղաքների տնտեսությունը, կարողանա Հայաստան ներմուծել ավելի շատ բարիք, ինչպես նաև՝ խթանել առևտուրը և վաճառել հայկական ապրանքներն առաջավորասիական ողջ տարածաշրջանում: 

Տիգրանը նաև իր քաղաքականությամբ խթանել է հայ-հնդկական առևտրային կապերը: Պատմական տեղեկություններ են հաղորդվում Հնդկական, Հունական (Միջերկրական) և Վրկանից (Կասպից) ծովերով նավարկության մասին: Հնուց եկող հայ-հնդկական կապերի մասին են վկայում Հնդկաստանի բնական հարստություններին և էթնիկական կազմին վերաբերող նյութերը: Այս փաստերն ինքնին ցույց են տալիս, որ դեռևս մ.թ.ա. II-I դարերում և հատկապես տիգրանյան ժամանակաշրջանում ու հետագայում Հայաստանում ծաղկել է քաղաքակրթությունը, և երկիրը վարել է բավական հզոր տնտեսական, առևտրային, դրամական քաղաքականություն: Արդեն վաղ միջնադարում Հայաստանում Արշակունյաց թագավորության շրջանում (I-V դդ.) հայ վաճառականները և հայկական ապրանքները հայտնի էին Չինաստանում, Հնդկաստանում, Միջին Ասիայում, Իրանում, Միջագետքում, Ասորիքում, Փոքր Ասիայի հռոմեական պրովինցիաներում, Հունաստանում, Հռոմում և հյուսիսային սևծովյան ավազանի երկրամասերում: Օրինակ՝ IV դարում շատ հայտնի էր հայ վաճառական Տիրոցը, որի քարավանները ձգվում էին Չինաստանից Միջին Ասիայով, Վրկանայով, Միջագետքով մինչև Հռոմ: Հայ պատմիչ Փավստոս Բուզանդը վկայում է, որ նա այն ամենահարուստ վաճառականներից էր, ով Հայաստանից արտահանվող բարիքները Մետաքսի մայրուղիներով իրացնում էր տարբեր շուկաներում և Հայաստան ներկրում Արևելքի և Արևմուտքի բարիքները: Իսկ ահա չինական պատմական աղբյուրներում արևմուտքից եկվորների, մասնավորապես՝ քրիստոնյաների մասին հիշատակվում է VI դարից հետո։ Այդ աղբյուրները վկայում են Չինաստանից արևմուտք գտնվող Միջին Ասիայում հայկական բնակավայրերի տեղաբաշխման մասին, իսկ եղած փաստերը լրացվում են Սեբեոսի հաղորդած տեղեկություններով։ Վերջինիս կարծիքով՝ VII դարի սկզբին հայկական համայնք կար Վրկանա ծովից (Կասպից ծով) արևելք ընկած երկրամասում։ Պատմիչը նշում է նաև, որ այս համայնքի անդամները գերի էին տարված Հայաստանից: Սա վկայում է այդ տեղերում նրանց վաղուց բնակվելու մասին, հնարավոր է՝ պարսկաբյուզանդական առաջին պատերազմների ժամանակներից: 

Ուշադրության արժանի է նաև Սեբեոսի այն տեղեկությունը, որ հայերի հետ միասին այնտեղ բնակություն էին հաստատել ոչ քիչ թվով եկվորներ Բյուզանդիայից և Ասորիքից: Սեբեոսի հաղորդած վերոհիշյալ և այլ տեղեկությունները հիմք են տալիս ենթադրելու VI-VII դարերում ինչ-որ քրիստոնյա առևտրական ֆակտորիայի գոյության մասին Մետաքսի ճանապարհի՝ Միջին Ասիայի և Իրանի միջև ընկած հատվածում: Ֆրանսիացի ուսումնասիրող Պոնիեն հաղորդում է տեղեկություններ այն մասին, որ VII-VIII դդ. Իսիկ Կուլ լճի ավազանում՝ Չինաստանի սահմանի մոտ, հայ միսիոներների կողմից հիմնվել է Ս. Մատթեոս վանքը։ Այս մասին վկայում է նաև կատալոնական քարտեզը, որը հիշատակում է Իսիկ Կուլ լճի մոտ Հայ եղբայրների վանքը։ Չինաստանի հետ հայերի ունեցած վաղ կապերի օգտին է խոսում այն փաստը, որ Բյուզանդիան, ինչպես վկայում է Է. Շեֆերը, միջնադարյան Չինաստանում հայտնի էր «Ռոմ» անունով։ Է. Շեֆերը պարզաբանում է, որ այս անունը եկել է Չինաստան «մի արևելյան լեզվից» «Հռոմ» ձևով։ «Հռոմ» ձևով անունը օգտագործվում է միայն հայերենում։ Պետք է ենթադրել, որ Չինաստան այցելող հայերն իրենց հետ այնտեղ են բերել Հռոմի, այսինքն՝ Բյուզանդիայի անվան այս տարբերակը։ Տեղեկություններ կան նաև այն մասին, որ հայերն այդ ժամանակ ոչ միայն սոսկ այցելում էին Չինաստան, այլև ապրում էին այնտեղ։ Վերջին հանգամանքը վկայում են մասնավորապես վերջին ժամանակներս գիտական շրջանառության մեջ դրված տեղեկությունները հախճապակե գունազարդ արձանիկների մասին, որոնք պատկերում են Բագրատունյաց դինաստիայի ժամանակներից հայտնի տարբեր ազգությունների ներկայացուցիչներին: Դասակարգելով «արևմտականներին» ըստ ազգային պատկանելիության՝ Ջ. Մալերը առանձնացնում է նրանցից նաև «միջերկրական կովկասյան» մի խումբ՝ «անատոլիացիներ, կովկասցիներ՝ հայերը ներառյալ»։ Այս կապակցությամբ խոսելով արմենոիդների մասին՝ գրքի հեղինակը, վկայակոչելով մասնագետներին, հանգում է այն եզրակացության, թե մարդկանց այս տիպի ներկայացուցիչներն իրենց բնորոշ գծերը չեն փոխել հազարամյակի ընթացքում, և նրանց «գանգերը համարյա համապատասխանում են այժմյան հայերի գանգերին»։ Չինական և իրանական պատմիչներն արտահանվող ապրանքների մեջ առանձնահատուկ տեղ էին տալիս հայկական գոտիներին, որոնք «ծախվում են 1-10 դինար ամեն մեկի համար, և դրանց նմանը չկա ուրիշ երկրներում»: Թավրիզում, Դվինում ու Հայաստանի մարզերում պատրաստվում են հայկական նստարաններ՝ գորգե փռվածքներ և մետաքսյա բարձեր:

X դարում միջազգային առևտրում կարևոր դեր էր խաղում Անի քաղաքը, որը, դառնալով Հայաստանի մայրաքաղաք, X-XI դարերում առևտրական սերտ կապեր էր պահպանում Միջին Ասիայի, Իրանի, Ռուսաստանի եվրոպական մասի հարավի և Բյուզանդիայի հետ։ Չինաստանից Անի էին բերվում մետաքս, ճենապակի և ուրիշ ապրանքներ: Իր հերթին Անիից Արաբական խալիֆայության երկրներ և Բյուզանդիա էին արտահանվում տեղական արտադրության ապրանքներ, այդ թվում՝ ոսկյա թելով կարած մետաքսե գործվածքներ։ Գոյություն ունի մի հետաքրքիր վկայություն այն մասին, որ Բագրատունյաց թագավորության շրջանում Հայաստանը, ապրանքների արտահանման ծավալի և առևտրի աշխարհագրության մեծացման շնորհիվ այնպիսի վերելք էր ապրում, որ հովիվներն անգամ մետաքսե շապիկներ էին հագնում։ Միջազգային առևտրում հայ վաճառականների և հայկական ապրանքների հզոր ներգրավվածությունն իրոք դարձավ հայկական Բագրատունյաց թագավորության հարստության աղբյուրներից մեկը, որի շնորհիվ բարգավաճեցին Մետաքսի ճանապարհի երկայնքով տեղաբաշխված քաղաքները, այդ թվում նաև՝ հայկական քաղաքները՝ Արտաշատը, Դվինը, Անին, Կարսը և այլ քաղաքներ։ Դեպի արևելք ձգվող ուղտերի քարավանները, որոնք բեռնված էին մեծ քանակությամբ ապրանքներով, համեմունքներով, թանկարժեք քարերով, մետաղյա, կավե, ապակե իրերով, հետ էին վերադառնում մետաքսի բեռով, ընդ որում՝ այդ ամբողջ ճանապարհը տևում էր երկու տարի, երբեմն՝ ավելի: Արևմուտքից արևելք ապրանքափոխանակությունը և վաճառքը ստեղծում էր մի ամբողջ կարողություն, և այդ հարստությունը Կենտրոնական և Արևմտյան Ասիայի հռչակավոր քաղաքների ծաղկման ու շքեղության տնտեսական հիմքը դրեց։ 

XII դարից սկսած Հայաստանում պետականության վերացումից հետո առևտուրն, այնուամենայնիվ, շարունակում էր զարգանալ։ Իհարկե, դրան մեծապես նպաստեց նաև Կիլիկյան հայկական թագավորությունը, որը խթանեց հայերի ներգրավվածությունը նաև ծովային առևտրում: Բայց Կիլիկյան թագավորության դերի և նշանակության մասին կխոսենք մի փոքր ուշ:

 XV դարի վերջերին հայկական ապրանքները ոչ միայն սկսեցին վաճառվել Արևելքում կամ Արևմուտքում, այլև ներկրվեցին Ռուսական կայսրության շուկաներ, որտեղ դրանց որակը բարձր գնահատվեց: Արդյունքում՝ Պետրոս Մեծը հատուկ հրովարտակ արձակեց, ըստ որի՝ հայերն ազատ ելումուտք պետք է ունենային Ռուսաստան, ավելին՝ հայ առևտրականներին, արհեստագործներին, մշակութային և քաղաքական գործիչներին տրվում էր առանձնահատուկ բարձր կարգավիճակ, ի տարբերություն մյուս ազգերի: Սա արդեն խոսուն փաստ է միջազգային շուկայում հայկական ապրանքների և հայերի ունեցած դերի, ինչպես նաև՝ միջազգային մրցակցության ոլորտում վերջիններիս ազդեցիկ գործոն լինելու մասին:

Այսպիսով, դեռևս հնագույն ժամանակներից Հայաստանը ոչ միայն լիարժեք կերպով քաղաքակրթության զարգացման մաս էր հանդիսանում, այլ նաև իր դիրքի, քաղաքաշինության, արհեստագործության, մշակույթի, հումքի մշակման, բազմաթիվ ապրանքների արտադրության, միջազգային առևտրում ներգրավվածության և վերջապես տվյալ ժամանակաշրջանում ուրույն տնտեսական քաղաքականության շնորհիվ դասվում էր հզոր պետությունների շարքում:

Այժմ խոսենք Կիլիկիայի հայկական թագավորության այն կարևոր պատմական դերի մասին, որ այն ունեցավ հայկական առևտրական նավագնացության զարգացման գործում, ինչն էլ իր հերթին խթանեց ծովային առևտրին հայերի մասնակցության աճը և որի շնորհիվ մեծացավ միջազգային առևտրում հայերի ներգրավվածության աստիճանը: Կիլիկիայի հայկական թագավորությունն՝ իր ռազմական և առևտրական նավատորմերով, դառնալով ծովային պետություն, ընդգրկվեց Միջերկրականի ավազանի ծովային առևտրի համակարգում: Փաստորեն, Կիլիկյան Հայաստանը դարձավ արևելքից ձգվող Մետաքսի ճանապարհի ծովային դարպասը դեպի Եվրոպայի նավահանգիստները: Միևնույն ժամանակ այն դարձավ միջազգային ծովային օրենսդրության մեջ առաջադեմ փոփոխություններ կատարող: Եվրոպական մի շարք երկրներում կիրառվում էր «Մերձափնյա իրավունքը» (Jus litoris), որի համաձայն՝ նավաբեկված նավերի բեռները, անձնակազմը և ուղևորներն ափատիրոջ կամքով սեփականացվում էին: Այդ իրավունքը գործում էր նաև Միջերկրական ծովի ավազանի առափնյա արևելյան երկրներում։ Կիլիկյան Հայաստանում «Մերձափնյա իրավունքի» դեմ պայքարը կրեց ավելի խորքային և հետևողական բնույթ։ Հայոց արքա Լևոն Բ Մեծագործը (1198-1219 թթ.) պայքարեց ծովահենության դեմ և մեծ ջանքեր գործադրեց «Մերձափնյա իրավունքի» վերացման ուղղությամբ։ Այդ իրավունքից հրաժարումն առաջին անգամ միջազգային իրավական նորմի բնույթ ստացավ 1201 թ.։ Այդ տարի Լևոն արքան հրաժարվեց «Մերձափնյա իրավունքից» Վենետիկի հանրապետության օգտին, ինչպես այդ արել էր ճենովացիների կապակցությամբ: Իրավական այդ նորմի գործադրումը Կիլիկյան Հայաստանում հետագա զարգացում ստացավ Հեթում I-ի (1226-1269 թթ.) և Լևոն III-ի (1270-1289 թթ.) օրոք: Կիլիկյան Հայաստանն օրինապահ և հուսալի գործընկեր էր ծովային առևտրում, ինչի վկայությունն է նրա հիշատակությունը Միջերկրական ծովի եվրոպական և մերձավորարևելյան նավահանգիստներում կնքված բազում առևտրական փաստաթղթերում:

Հայ առևտրական-ծովագնացները ծանրակշիռ մասնակցություն են ունեցել նաև «մանիլյան առևտրում»՝ հատկապես գործնական կապեր հաստատելով պորտուգալացիների հետ Հնդկական օվկիանոսում: Հայերի դերը «մանիլյան առևտրում» աճում է ХVII դարում: Ֆրանսիացի վաճառական և ճանապարհորդ Ժան Բատիստ Տավերնիեն նշում է, որ իր ժամանակ «առևտրի այնպիսի տեսակ չկար, որ հայերը չվարեին», իսկ ֆրանսիական իշխանությունների ներկայացուցիչ Ֆրանսուա Մարտենը նշում է, որ, բացի պորտուգալացիներից, Մանիլա «թույլատրվում էր մուտք գործել հնդիկ և հայ առևտրականներին»: Մադրասում 1711-1714 թթ. գրանցված անգլիական փաստաթղթերից հետևում է, որ հայերն իրենց ձեռքում էին պահում Մանիլայի և Չինաստանի հետ Հնդկաստանի ունեցած մասնավոր առևտրի կեսը: Յու. Բարսեղովը, մանրամասնորեն հետազոտելով «մանիլյան առևտրում» հայ վաճառական-ծովագնացների մասնակցության խնդիրը, եզրակացրել է, որ գործնականորեն Մանիլա կարող էին մտնել միայն հայ վաճառականների նավերը, քանի որ Անգլիան, Ֆրանսիան և Հոլանդիան մեծ մասամբ թշնամական հարաբերությունների մեջ էին երկրի հետ: Միևնույն ժամանակ հայ վաճառականների ծառայությունից օգտվում էին անգլիացիները, ֆրանսիացիները, հոլանդացիները, պորտուգալացիները, իսպանացիները: Մադրասի Սեն Ջորջ ֆորտի գրանցումները վկայում են հայկական դրոշի տակ նավերի՝ Մադրասից, Սուրաթից, Բոմբեյից, Կալկաթայից և այլ նավահանգիստներից Մանիլա նավարկելու մասին: Սուրաթից Մանիլա գնացող նավերի տերերն էին խոջա Մինասը, խոջա Ստեփան Մարկը, Հովհաննես Մարքարը: 

Այս ամենը խոսում է մեկ այլ հետաքրքիր և կարևոր գործոնի մասին. հայ վաճառականները հետզհետե մեծ ճանաչում էին ձեռք բերում աշխարհում, և հայկական առևտուրը միջազգային շուկայում ամուր կերպով դիրքավորվում ու առևտրատնտեսական հարաբերություններում ավելի ու ավելի ազդեցիկ էր դառնում: Այսինքն, բացի Հայկական լեռնաշխարհի աշխարհագրական-ռազմավարական դիրքից, Հայաստանում քաղաքակրթության զարգացումից, հումքի աղբյուրների մշակումից և զանազան ապրանքների արտադրությունից, մենք պետք է անպայմանորեն հաշվի առնենք ևս մեկ կարևոր գործոն՝ հայ վաճառականների գործոնը: Վերը նշված պատմական փաստերը վկայում են, որ հայ առևտրականները գործունեություն էին ծավալում սկսած հնագույն ժամանակներից, երբ օգտագործվում էին Միջագետքի ավազանի գետային ճանապարհները, մինչև ուշ միջնադար, երբ ակտիվորեն օգտագործվում էին Մետաքսի ճանապարհի բոլոր մայրուղիները և հետագայում ծովային ուղիները: Այս ամենը նաև այլ կարևոր հանգամանք է մատնանշում՝ հայերը միջազգային առևտրում հանդես էին գալիս որպես լավ գործարարներ, հմուտ էին, ձգտում էին լայն համագործակցության, պահպանում էին բոլոր օրենքներն ու նորմերը և, ամենակարևորը, ազնիվ էին առևտրային հարաբերություններում: Այս ամենի շնորհիվ աշխարհում ստեղծվել էր վստահության մթնոլորտ հայ վաճառականների հանդեպ, և արդյունքում՝ նրանց մեծ տեղ և նույնիսկ առանձնահատուկ բարձր կարգավիճակ էր շնորհվում տարբեր հզոր տերությունների ու նրանց ղեկավարների կողմից: Դրա շնորհիվ հայերն ունենում էին ընդգծված մրցակցային առավելություն միջազգային առևտրի շուկայում: Օրինակ՝ իր գանձարանը հարստացնելու նպատակով Շահ-Աբասը քայլեր ձեռնարկեց փոխելու առաջավորասիական առևտրական ուղղությունը դեպի Պարսից ծոց: Ելնելով իր շահերից՝ նա արտոնություններ շնորհեց Հին Ջուղայից բռնի գաղթեցված և Նոր Ջուղայում հաստատված հայ վաճառականությանը, որը ստացավ ինքնավարության իրավունք: 

Նոր Ջուղայի հիմնադրումից հետո ջուղայահայության վաճառական կապիտալը մետաքսի առևտրի ուղիներով մի կողմից՝ կասպյան-վոլգյան ջրային ճանապարհով մուտք գործեց Ռուսաստան և այնտեղից Եվրոպա, իսկ մյուս կողմից՝ Իրանով՝ Հնդկաստան: Երկու դեպքում էլ կարևորվեցին ծովային բեռնափոխադրումները: Նոր Ջուղայի հայ վաճառականությունն այնուհետև մեծ դեր ունեցավ միջազգային առևտրում, և Ջուղայեցի վաճառականները բավական հայտնի դարձան Ասիայում ու Եվրոպայում ինչպես ցամաքային, այնպես էլ ծովային առևտրի մեջ: Արդյունքում՝ ստեղծվեց ջուղայեցիների «Խոջայական կապիտալը»: Այսպես՝ XVI-XVII դարերում Բաքվից և Աստրախանից կատարվող ծովային առևտուրը մեծ մասամբ կենտրոնացած էր հայերի ձեռքում։ Դրա զարգացմանն ավելի նպաստեց Նոր Ջուղայի հայ վաճառականությունը շնորհիվ 1667 և 1673 թվականներին ռուս-հայկական առևտրական պայմանագրի: Առավել արդյունավետ էին հայ-հոլանդական առևտրական կապերը, ինչը նպաստում էր Ամստերդամում հաստատված հայկական գաղթօջախի հզորացմանը, որը հայտնի էր մշակութային խոշոր ձեռքբերումներով, հատկապես՝ հայ տպագրության բնագավառում: 

Առևտուրը Մետաքսի ճանապարհի արևմտյան հատվածի վրայով հայ վաճառականները կատարում էին XVII դարում։ XVII-XVIII դարերում Մերձավոր և Միջին Արևելքի առևտրատնտեսական կապերը զգալի չափով ընդարձակվեցին, ավանդական ճանապարհներին ավելացան նոր ճանապարհներ, որոնք ձգվում էին դեպի Պարսից ծոց և այնտեղից՝ Հնդկաստան ու Չինաստան, ինչպես նաև՝ Աֆրիկայի հարավային վերջամասով դեպի Եվրոպա և դեպի հյուսիս՝ կասպիական-վոլգյան տրանզիտով մինչև Եվրոպա։ Հայ վաճառականները շարունակում էին օգտագործել բոլոր այս ճանապարհները։ Կարծես ընդգծելով նրանց կարևոր դերը միջազգային առևտրում՝ անգլիացի հեղինակ Ջ. Հանվեյը գրում է. «Առևտուրը Պարսկաստանի և Թուրքիայի միջև իր խոշոր մասով կատարվում է հայերի միջոցով: Նրանց ծառայություններից օգտվում են գլխավորապես անգլիական, ֆրանսիական և հոլանդական վաճառականները, որոնք հաստատվել են Կոստանդնուպոլսում, Իզմիրում և Հալեպում։ Նրանք երկար ժամանակ ամենախորաթափանց վաճառականների համբավ են վայելում ողջ Ասիայում և, շուկա բերելով Արևելքի արտադրանքը, հետ են տանում Եվրոպայի ապրանքները»։ Վ. Բայբուրթյանը, հետազոտելով Իրանի և եվրոպական երկրների միջև XVII դարում տնտեսական հարաբերություններում Նոր Ջուղայի հայկական գաղութի խաղացած դերը, անդրադարձել է նաև նախորդ դարաշրջանին, մասնավորապես՝ Պարսից ծոցից օվկիանոսային ճանապարհով հայերի կողմից մետաքսի բեռներ Իսպանիա և Պորտուգալիա տեղափոխելուն: Հայկական վաճառականության հետ եվրոպական ընկերությունների մրցակցության նախանշանները երևացին, երբ Ռուսական կայսրությունը, ելնելով իր ներքին շուկային սպառնացող վտանգից, վերացրեց անգլիական Արևելահնդկական ընկերության՝ Իրանի հետ Ռուսաստանի վրայով կապ պահպանելու արտոնությունները: Փաստորեն, այդ ուղով արտաքին առևտրի մենաշնորհը մնաց հայ վաճառականության ձեռքում: Իսկ հոլանդացիների ու անգլիացիների մրցակիցներն էին իտալացիներն ու իսպանացիները: Հայ առևտրականների քաղաքական չեզոք դիրքը տարբեր կողմերի հետ համագործակցելու հնարավորություն էր տալիս: Բրիտանական, ֆրանսիական և դանիական արևելահնդկական ընկերությունները սկզբնապես օգտագործում էին հայերի առևտրական մեթոդների և կապերի հնարավորությունները, մասնավորապես՝ Հնդկաստանում: Նրանք հսկայական եկամուտներ էին ստանում, քանի որ սկզբնական շրջանում հայերը եվրոպական նավեր էին վարձում: 1688 թ. խոջա Քալանթարի և Լոնդոնի առևտրականների ընկերության միջև կնքված համաձայնությամբ երաշխավորվում էին հայ վաճառականների իրավունքները և արտոնությունները Հնդկաստանում:

Միջազգային ծովային և ցամաքային առևտրի մեջ Հայաստանի և հայերի ունեցած կարևոր դերը դեռևս հնագույն ժամանակներից ապացուցում է հոդվածի սկզբում բարձրացված հարցին տրված իմ պատասխանը. այո՛, ճանապարհների բացման դեպքում Հայաստանն՝ իր ռազմավարական դիրքով (այն է՝ հանդիսանալ տարանցիկ ուղի էներգակիրների և այլ զանազան բեռնափոխադրումների համար), և հայերը՝ իրենց գործարար հմտությամբ, կարող են այժմ էլ հզոր գործոն հանդիսանալ միջազգային առևտրի զարգացման մեջ: 

Օգտագործված գրականություն

  • Հ. Հ. Մարտիրոսյան, «Հայաստանը Մետաքսի ճանապարհի խաչուղիներում»
  • Շիրակացի, «Մատենագրություն»
  • Հերոդոտոս «Պատմություն»
  • Էդուարդ Լ. Դանիելյան, «Հայկական ծովային առևտրի զարգացման քաղաքակրթական գործոնները և միջազգային մրցակցությունը XVII դարում»
  • J. Hanway, “A Historical Account of the British Trade over the Caspian Sea”
  • David M. Lang, “Armenia Cradle of Civilization”